Մխիթարյանը՝ Լուչեսկուի հիշատակին․ Դուք միշտ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան լուրին։ Հայ ֆուտբոլիստը նրա ղեկավարությամբ հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»։
«Միստեր, Դուք իմ առաջին մարզիչներից էիք՝ այն մարդը, որը տվեց ինձ աճելու եւ միջազգային կարիերա սկսելու հնարավորություն։
Ես միշտ շնորհակալ կլինեմ Ձեզ, որ տվեցիք ինձ հնարավորություն ապրելու այն կյանքը, որի մասին երազում էի մանկուց։
Շնորհակալ եմ Ձեր խորհուրդների եւ վստահության, նաեւ այնպիսի խաղացող եւ մարդ ձեւավորելու համար, ինչպիսին հիմա եմ։
Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի եւ խաղի իրական սրատեսի։
Հանգչի՛ր խաղաղությամբ, պարոն։ Դուք միշտ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Իմ սիրտն արտասվում է»,- գրել է Մխիթարյանը։
Ռումինիայի հավաքականի, Դոնեցկի «Շախտյորի», Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մահացել է ապրիլի 7-ին Բուխարեստում։ Նա 80 տարեկան էր։