Օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների 95 տոկոսը լիովին ապաքինվել է COVID-19-ից. հետազոտություն

0

Օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտները, այդ թվում երեխաները, COVID-19-ի գծով ռիսկի հատուկ խմբում են։ Բայց գերմանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների 95 տոկոսը լիովին ապաքինվել է COVID-19-ից։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, Գյոթեի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են օնկոլոգիական հիվանդություններ եւ հաստատված COVID-19 ունեցող մինչեւ 19 տարեկան 131 երեխայի բժշկական քարտերը աշխարհի 10 երկրներից։ Որոշ հիվանդներ ավելի վաղ ենթարկվել էին ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման։

Վարակված երեխաների մեկ երրորդի մոտ COVID-19-ի ոչ մի ախտանշան չի եղել, 47 տոկոսը թեթեւ է տարել վարակը, 8 տոկոսը՝ չափավոր, պացիենտների 4 տոկոսը վարակման ծանր ընթացք է ունեցել, 9 տոկոսը՝ ծայրահեղ ծանր։ Հիվանդության ախտանշանները ընդհանուր առմամբ չեն տարբերվել առողջ երեխաների COVID-19-ի ախտանշաններից. շատերն ունեցել են տենդ, հազ, հարբուխ եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներ։ Հոսպիտալացում պահանջվել է 37 տոկոսի համար, չորսը մահացել է։ Դեպքերի 95 տոկոսում երեխաները բարեհաջող ապաքինվել են։

Բոլոր ծանր դեպքերում երեխաների մոտ հայտնաբերվել են ուղեկցող վարակներ, հիմնականում՝ բակտերիալ։ Բացի դրանից, այդ պացիենտների լեյկոցիտների մակարդակը նորմից զգալիորեն ցածր էր, ինչը նշանակում է, որ իմունային համակարգը ի վիճակի չէ պայքարել վարակի դեմ։

Դեպքերի մեկ երրորդում քիմիաթերապիան դեռեւս բուժում անցնող երեխաների մոտ հետաձգվել է։ Բայց այդ հետաձգումը զգալի ազդեցություն չի թողել ծանր բարդությունների ռիսկի վրա։ Տարբերություն չի եղել բուժում ստացող պացիենտների եւ այն ավարտածների կլինիկական եզրափակիչ պատկերների միջեւ։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երեխաների մեծ մասը վարակվել էր ընտանիքի անդամներից, այլ ոչ թե հիվանդանոցում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ այդպիսի պացիենտների ազգականները պետք է ավելի ուշադիր լինեն կանխարգելիչ միջոցների, ներառյալ պատվաստման հարցում։

Leave A Reply

Your email address will not be published.