«Պարոն Քոչարյանը հստակ կերպով կպահպանի դիմակների կրման ռեժիմը». Առողջապահության նախարարը՝ Անդրանիկ Քոչարյանի դիմակ չկրելու մասին

0

Անդրանիկ Քոչարյանին սաստելու կարիք չկա, եւ նա «հստակ կերպով կպահպանի դիմակների կրման ռեժիմը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Բոլորը դիկաներով էին, բացառությամբ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երբ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ նա դիմակ չի կրում, Անդրանիկ Քոչարյանը ժպիտը դեմքին ասաց. «Լավ եմ անում»:

Անդրադառնալով այս դեպքին, առողջապահության նախարարը ասաց.

«Օրենքները, հրամանները, իրավական ակտերը չեն դիտարկվում ըստ ցանկության կիրառելու կամ չկիրառելու շրջանակներում: Եթե դրանք արդեն իսկ հաստատված են եւ օրինական ուժի մեջ մտած են, ապա պարտադիր են կիրառման Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար հավասար հիմունքներով: Ու որեւէ կերպ պաշտոնի կամ այլ կարգավիճակ չի կարող հանդես գալ բացառության հանգամանք: Այնպես որ պարոն Քոչարյանը շարունակաբար կրելու է դիմակ, եւ մնացած բոլորն էլ այս իրավիճակում պետք է ենթարկվեն կանոնին եւ կրեն դիմակ»:

Նրա խոսքով, համաճարակային վիճակը մի փոքր կայունացել է, բայց սա չի նշանակում, որ կարելի է թուլացնել հակահամաճարակային միջոցների կիրառումը:

«Նորից եմ կրկնում, ընտրությունը շատ պարզ է. Կամ մենք կրում ենք դիմակ եւ պատվաստվում ենք, կամ մենք կամ մեր հարազատները կրում են արհեստական շնչառության ապարատ եւ ցավոք սրտի կյանքի-մահվան պայքար են տանում», — ասաց նախարարը:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյոք պաշտոնյաները չպետք է բնակչության համար օրինակ ծառայեն, Ավանեսյանն ասաց, որ կարծում է, որ պաշտոնյաներն իրոք պետք է օրինակ ծառայեն: Սակայն, նախարարի խոսքով, Քոչարյանին «սաստելու կարիք չկա» եւ «պարոն Քոչարյանը հստակ կերպով կպահպանի դիմակների կրման ռեժիմը»:

Leave A Reply

Your email address will not be published.