Ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց կարելի՞ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

0

Կորոնավիրուսի պանդեմիան մի շարք խնդիրներ ստեղծեց ուռուցքաբանության ոլորտում եւ բացասաբար անդրադարձավ պացիենտների առողջության եւ բուժման գործընթացների վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոկչյանը:

Մասնագետի խոսքով, եթե մինչեւ պանդեմիան դինամիկ հսկողության մեջ գտնվող մի շարք պացիենտներ տարին երկու անգամ գալիս էին հետազոտվելու, ապա լոքդաունի ժամանակ նրանցից շատերը մեկ տարի շարունակ չէին հետազոտվում, ինչի հետեւանքով ոմանց մոտ գրանցվեցին խնդիրներ, որոնցից հնարավոր էր խուսափել՝ ժամանակին ստուգվելու դեպքում:

Բացի այդ, եթե քաղցկեղային հիվանդություններով պացիենտները վարակվում են կորոնավիրուսով, նրանք ստիպված են լինում բաց թողնել բուժման կուրսերը, որոնք ուռուցքաբանության ոլորտում պետք է հստակ ժամանակացույցով ստացվեն: Սա, իհարկե, բացասաբար է ազդում բուժման ընթացքի վրա:

Ավելին, կորոնավիրուսը, ըստ մասնագետների կարծիքի, կարող է նաեւ նոր խնդիրներ ստեղծել ուռուցքային հիվանդների համար եւ նույնիսկ նպաստել մեթաստազների տարածմանը:

«Կորոնավիրուսը ունի տրոպիզմ, այսինքն նյարդային բջիջների վրա է ազդում, նաեւ հեմատոէնցեֆալիկ պատնեշն է թուլացնում: Դրա պատճառով մենք ունեցանք որոշակի հիվանդներ, որոնց մոտ քովիդ տանելուց հետո գրանցվեց գլխուղեղի մեթաստազավորում, ինչը մենք անմիջապես կապեցինք քովիդի հետ», — ասաց մասնագետը:

Իսկ կարելի՞ է արդյոք ուռուղքային հիվանդություններ ունեցող մարդկանց պատվաստվել՝ կորոնավիրուսի պատճառով առաջացող խնդիրները կանխելու համար:

Հայկուհի Գյոկչյանի խոսքով, Ամերիկյան եւ Եվրոպական ուռուցքաբանական ասոցիացները կիսվել են հայ մասնագետների հետ իրենց ուղեցույցերով, համաձայն որոնց, ուռուցքաբանական հիվանդությունները պատվաստման համար բացարձակ հակացուցում չեն կարող լինել: Ծայրահեղ ծանր, տերմինալ հիվանդներին պատվաստումը ցուցված չէ, բայց մյուսներին խորհուրդ է տրվում պատվաստվել:

Մասնագետի խոսքով, որոշ դեպքերում ուռուցքային հիվանդություններով պացիենտներին կարող է ցուցված լինել հետաձգել պատվաստումը: Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստում ստացողներին խորհուրդ է տրվում 3 ամիս սպասել: Նույնը վերաբերվում է մեծ, ծանր վիրահատություններին նախապատրաստվողներին, ինչպես նաեւ ցելյուլար (բջջային) թերապիա ստացող հեմատոլոգիական հիվանդներին: Նման պացիենտների բուժող բժիշկները պետք է որոշեն, թե կոնկրետ երբ նրանք պիտի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ:

Ինչ վերաբերվում է ուռուցքաբանական այլ հիվանդներին, նրանց, մասնագետի խոսքով, պատվաստվելը թույլատրվում է եւ նույնիսկ ցուցված է՝ կորոնավիրուսային վարակից եւ դրա պատճառով առաջացող բարդություններից խուսափելու համար: Պատվաստվել կարող են նույնիսկ քիմիաթերապիա, հորմոնոթերապիա եւ թիրախային բուժում ստացող պացիենտները:

Leave A Reply

Your email address will not be published.