Հայտնի է, թե երբ և որտեղ Tesla-ն կներկայացնի իր նոր արտադրանքը՝ Robotaxi-ն
Tesla-ն իր Robotaxi նորարարական արտադրանքը կներկայացնի հոկտեմբերի 10-ին Warner Bros. ստուդիայում, որը գտնվում է Լոս Անջելեսում։ Ընկերությունը նախկինում շնորհանդեսներ է անցկացրել իրեն պատկանող տարածքներում Տեխասում կամ Հոթորնի մոտակայքում, որտեղ գտնվում է Tesla-ի դիզայներական ստուդիան և այդ իմաստով այս միջոցառումը զգալի շեղում կլինի ընկերության ավանդական պրակտիկայից, հայտնում է Electrek-ը։
Ըստ աղբյուրի՝ շնորհանդեսի վայրի ընտրությունը կարող է պայմանավորված լինել ընկերության ցանկությամբ՝ ցուցադրելու Robotaxi-ի ֆունկցիոնալությունը արվարձանային տարածքում, ինչի համար Warner Bros. ստուդիան առաջարկում է կատարյալ հնարավորություններ՝ սիմուլյացիոն բնակելի շենքեր, քաղաքի կենտրոն և այլն։
Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջոցառում անցկացնելու համար Tesla-ն ընտրում է հոլիվուդյան ստուդիա: 2016-ին ընկերությունը ներկայացրել էր իր արտադրանքը՝ տանիքներին տեղադրվող արևային մարտկոցները, Universal Studios-ում՝ Warner Bros․-ի ստուդիայից մի քանի մղոն հեռավորության վրա:
Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ միջոցառման շրջանակում Իլոն Մասկը վերադառնա իր վաղեմի խոստմանը, որ Tesla-ի սեփականատերերը կկարողանան իրենց էլեկտրական մեքենաները վարձակալության հանձնել Robotaxi ծառայությանը և գումար ստանալ դրա համար:
Robotaxi-ի մասին շատ քիչ բան է հայտնի՝ բացառությամբ նրա, որ այն կլինի լիովին ինքնավար, թեև Մասկը նախկինում ասել էր, որ այն նմանություններ կունենա Cybertruck-ի հետ։