Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքը 2021 թվականին հասել է ռեկորդային բարձր մակարդակի

0

Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքն աճել է 49%-ով՝ 2021 թվականին հասնելով ռեկորդային առավելագույնի՝ չնայած կորոնավիրուսի համավարակին, քանի որ ամբողջ աշխարհում աճել է շքեղ մեքենաների պահանջարկը, հայտնում է Reuters-ը։

Առցանց շնորհանդեսի ժամանակ Rolls-Royce-ի գլխավոր տնօրեն Թորստեն Մյուլեր-Օտվոսը հայտարարել է, որ ավտոարտադրողը վաճառել է 5586 մեքենա՝ ավելի քան 50 երկրներում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ընկերության 117-ամյա պատմության մեջ՝ չնայած համավարակի հետեւանքով առաջացած անկայունությանը:

«Ընդհանրապես շքեղության ոլորտում պայքարը կենտրոնացած է ոչ այնքան հաճախորդներ գտնելու, որքան բավականաչափ ապրանքներ արտադրելու վրա՝ հաճախորդների հսկայական պահանջարկը բավարարելու համար»,- ասել է Մյուլեր-Օտվոսը:

Վաճառքը ռեկորդային մակարդակի է հասել տարածաշրջանների մեծ մասում, ներառյալ Չինաստանը եւ Ամերիկան, ասել է նա:

Նա նշել է, որ բրիտանական Գուդվուդում ավտոարտադրողի գործարանն աշխատել է գրեթե առավելագույն հզորությամբ:

«Եթե դուք այսօր Rolls-Royce պատվիրեք, այն կստանաք մոտ մեկ տարուց»,- ասել է նա:

Բրիտանական շքեղ մեքենաներ արտադրող Bentley-ն՝ Volkswagen AG-ի ստորաբաժանումը, անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2021 թվականին հասել է ռեկորդային բարձր մակարդակի, քանի որ համաշխարհային վաճառքներն աճել են 31%-ով՝ բարձրակարգ մեքենաների մեծ պահանջարկի ֆոնին:

Անցյալ շաբաթ BMW-ն հայտարարել է, որ 2021 թվականին հասել է ավելի քան 2,2 միլիոն BMW ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով 2019 թվականի վաճառքները, չնայած կիսահաղորդչային միկրոսխեմաների համաշխարհային պակասին:

Մյուլեր-Օտվոսն ասել է, որ թեեւ չիպերի պակասը մտահոգիչ է, սակայն Rolls-Royce-ի մայր BMW-ն «հավաստիացրել է, որ մենք կարող ենք ստանալ բոլոր այն չիպերը, որոնք մեզ անհրաժեշտ են մեքենաները հավաքելու համար»:

Leave A Reply

Your email address will not be published.