Մոսկվայում կայանալիք Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցչի երգն ու նրա օգտին քվեարկելու կարգը

0

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Our Generation երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթի Սարգսյանը (Սաթթի): Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն հայտնել էր իր ընթերցողին։ 

Երգչուհին Հայաստանը կներկայացնի «Սեր Հայաստանին» երգով, որի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը Սաթթին հեղինակել է պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Հարությունյանն է։

«Մրցույթը մանկական է, մասնակցում են 9-15 տարեկան կատարողները, ընդհանուր առմամբ՝ 16 մասնակից: Ինչ վերաբերում է Սաթթիին՝ նրան տեսել էի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի ժամանակ, եւ երբ եղավ մասնակցելու առաջարկը, որոշեցի նրան դիմել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է Դավիթ Բադալյանը։ 

«16 երկրների ազգային ժյուրիները գնահատելու են մասնակիցներին, լինելու է նաեւ օնլայն քվեարկություն, եւ հաղթողը որոշվելու է այդ քվեարկությունների արդյունքում: Հրավիրված են լինելու մի շարք աստղեր, այդ թվում՝ Դիմա Բիլանն ու Զիվերթը, գուցե, լինեն նաեւ միջազգային կատարողներ»,-հավելել է նա:

Մրցույթի պաշտոնական էջում արդեն հնարավոր է քվեարկել Հայաստանի ներկայացուցչի օգտին։ Մինչ քվեարկելը, պետք է գրանցվել կայքում։ Քվեարկելու համար օգտատերը պետք է դիտի բոլոր մասնակիցների տեսահոլովակները, այնուհետեւ ընտրի առնվազն 5 մասնակցի, միայն դրանից հետո քվեն ուղարկված կլինի։ 

Leave A Reply

Your email address will not be published.