OpenAI-ը ներկայացրել է իր առաջատար նեյրոցանցը՝ GPT-4 Turbo-ն և բիզնես հաճախորդներին հեղինակային իրավունքի հայցերից պաշտպանելու ծրագիր
OpenAI ընկերությունը ներկայացրել է իր առաջատար նեյրոցանցը՝ GPT-4 Turbo-ն։ Այն ավելի հզոր է և մի քանի անգամ էժան, քան GPT-4-ը, որով աշխատում է հանրաճանաչ ChatGPT չատբոտի պրեմիում տարբերակը, որի ակտիվ օգտատերերի թիվը մեկ շաբաթում հասել է 100 միլիոնի։ Ընկերությունը նաև ներկայացրել է բիզնես հաճախորդներին հեղինակային իրավունքի վերաբերյալ հայցերից պաշտպանելու ծրագիր:
GPT-4 Turbo
GPT-4 Turbo լեզվական մոդելը հասանելի կլինի երկու տարբերակով՝ մեկը տեքստի վերլուծության, մյուսը՝ տեքստի և պատկերների հետ աշխատելու համար: Առաջին տարբերակն արդեն հասանելի է API-ի միջոցով, սակայն ընկերությունը խոստանում է, որ նեյրոցանցի երկու տարբերակներն էլ հանրությանը հասանելի կդառնան «առաջիկա շաբաթների ընթացքում»:
OpenAI-ը պնդում է, որ GPT-4 Turbo-ի օգտագործման արժեքը զգալիորեն ցածր է, քան GPT-4-ի դեպքում՝ 0,01 դոլար մուտքային 1000 թոքենի համար (մոտ 750 բառ) և 0,03 դոլար՝ ելքային 1000 թոքենի համար: Մուտքային թոքենները չմշակված տեքստի կտորներ են: Օրինակ՝ «fantastic» բառը բաժանված է «fan», «tas» և «tic» թոքենների: Մոդելն ստեղծում է ելքային թոքեններ՝ հիմնվելով մուտքային թոքենների վրա:
«Մենք օպտիմալացրել ենք արդյունավետությունը, դրա շնորհիվ կարող ենք GPT-4 Turbo-ն առաջարկել մուտքային թոքենների դեպքում երեք անգամ և ելքային թոքենների դեպքում կրկնակի ցածր գնով՝ համեմատած GPT-4-ի»,- ասվում է OpenAI-ի բլոգային գրառման մեջ:
Ինչ վերաբերում է նեյրոցանցի պատկերների մշակման տարբերակի գներին, ապա դրանք կախված կլինեն պատկերի չափից։ Օրինակ՝ 1080 × 1080 պիքսել չափի պատկերի մշակումը GPT-4 Turbo-ում կարժենա 0,00765 դոլար:
Թարմացվել է նաև նոր նեյրոցանցի գիտելիքների բազան, որի հիման վրա այն առաջացնում է հարցերի պատասխաններ։ GPT-4 մոդելը վերապատրաստվել է մինչև 2021-ի սեպտեմբերը եղած վեբ տվյալների վրա, մինչդեռ GPT-4 Turbo գիտելիքները հիմնված են 2023-ի ապրիլի դրությամբ եղած տվյալների վրա։
Բացի դրանից, նոր մոդելն ստացել է 128,000 թոքենի հնարավորությամբ ընդլայնված համատեքստային պատուհան (սա տեքստի այն ծավալն է, որը մոդելը կարող է հաշվի առնել գեներացման գործընթացի ժամանակ. այս պատուհանը համապատասխանում է մոտ 100,000 բառի կամ 300 էջ տեքստի), ինչը չորս անգամ ավելի մեծ է, քան GPT-4-ի դեպքում։ Նոր նեյրոցանցին սա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ հարցումները և գեներացնել հարցմանն ավելի շատ համապատասխանող պատասխաններ՝ միևնույն ժամանակ չշեղվելով թեմայից: Ենթադրվում է, որ սա արհեստական բանականության այսօր հասանելի մոդելի ամենամեծ համատեքստային պատուհանն է:
Ինչպես նշվում է OpenAI-ի բլոգում, նոր GPT-4 Turbo մոդելը կարող է նաև ստեղծել վավեր JSON ձևաչափ, ունի ավելի ճկուն կարգավորումներ և, ընդհանուր առմամբ, ավելի լավ է աշխատում, հատկապես այն առաջադրանքների կատարման ժամանակ, որոնք պահանջում են ուշադիր հետևել հրահանգներին, ինչպիսիք են հատուկ ձևաչափերի ստեղծումը (օրինակ՝ «միշտ պատասխանել XML-ով»):
Ընկերությունը նաև GPT-4-ի բոլոր վճարովի օգտվողների համար կրկնապատկել է րոպեի կտրվածքով թոքենների մուտքագրման և ելքագրման արագությունը։ Ընդորում՝ գինը մնացել է նույնը՝ $0,03 մեկ մուտքային թոքենի և $0,06 մեկ ելքային թոքենի համար (GPT-4 մոդելի՝ 8000 թոքենով համատեքստային պատուհանի դեպքում) կամ $0,06 մեկ մուտքային թոքենի և $0,012 մեկ ելքային թոքենի համար (GPT-4 մոդելի՝ 32,000 թոքենով համատեքստային պատուհանի դեպքում):
Բիզնես հաճախորդներին հեղինակային իրավունքի հայցերից պաշտպանելու ծրագիր
OpenAI-ը նաև գործարկել է Copyright Shield կոչվող ծրագիրը, որի նպատակն է բիզնես հաճախորդներին պաշտպանել OpenAI-ի արտադրանքներն օգտագործելու հետևանքով հեղինակային իրավունքի խախտման հետ կապված հնարավոր բողոքներից: Այս ծրագրի շրջանակում OpenAI-ը կվճարի այն հաճախորդների իրավաբանական ծախսերը, որոնք օգտագործում են իր հարթակի՝ ծրագրավորողների համար նախատեսված համընդհանուր հասանելի գործիքները և ChatGPT Enterprise չատբոտի կոմերցիոն տարբերակը:
Պաշտպանությունը, սակայն, չի տարածվում ChatGPT-ի անվճար և Plus տարբերակների օգտվողների վրա: Առայժմ նաև անհասկանալի է, թե արդյոք ծրագիրն ապահովում է պաշտպանություն այն բողոքների դեպքում՝ կապված տվյալների հետ, որոնք օգտավործվել են ընկերության արհեստական բանականության գեներատիվ մոդելների ուսուցանման համար։
Արհեստական բանականության մոդելները, ինչպիսիք են ChatGPT-ը, GPT-4-ը և DALL-E 3-ը, ուսուցանվում են տվյալների հավաքածուների վրա (գրքեր, արվեստի գործեր և այլն), որոնք կարող են պարունակել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր կամ ունեն սահմանափակող լիցենզիաներ: Ընդորում, հարցեր են առաջացնում առ այն, թե որքանով նման մոդելները կարող են վերարտադրել ուսումնասիրվող տվյալների ճշգրիտ հատվածները, ինչը կարող է հանգեցնել հեղինակային իրավունքի հնարավոր խախտումների:
Շատ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են IBM-ը, Microsoft-ը, Amazon-ը, ինչպես նաև Getty Images, Shutterstock և Adobe հարթակները, արդեն պատրաստակամություն են հայտնել հաճախորդներին պաշտպանել մտավոր սեփականության վերաբերյալ հնարավոր հայցերից: Այժմ այս շարքին արդեն միացել է OpenAI-ը՝ կոչ անելով մշակել օգտատերերի համար պաշտպանության համապատասխան մեխանիզմներ։
ChatGPT-ն արդեն շաբաթական 100 մլն ակտիվ օգտատեր ունի
ChatGPT հանրաճանաչ չատբոտը հասել է տպավորիչ նշաձողի․ այն շաբաթական 100 մլն ակտիվ օգտատեր ունի: Այս մասին հայտարարել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ծրագրավորողների առաջին համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյում։
Նրա խոսքով՝ ChatGPT-ն, որը գործարկվել է ընդամենը մոտ մեկ տարի առաջ, արագ գրավեց լսարանի ուշադրությունը և երկու ամսում հասավ ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր ունենալու նշաձողին: Ներկայումս ծառայությունից միայն մեկ շաբաթում է այդքան մարդ օգտվում։ Բացի դրանից, ավելի քան 2 միլիոն ծրագրավորող օգտագործում է հարթակը իրենց նախագծերի համար, այդ թվում՝ Fortune 500 ցուցակում ներառված ընկերությունների ավելի քան 92%-ի ներկայացուցիչներ: