«Տարիներ հետո մենք, գուցե, տղա պարողներ չունենանք»․ Կարեն Գեւորգյանը՝ արտիստների ցածր աշխատավարձի ու դրանից բխող խնդրի մասին

0

Տարիներ հետո մենք, գուցե, չունենանք տղա պարողներ, կարծում է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը։ Նա այս ենթադրությունը կապում է պարողների ցածր աշխատավարձի հետ, ինչը խոչընդոտ է, որպեսզի արտիստը կարողանա զբաղվել իր սիրելի աշխատանքով։

«Կանցնի եւս մի քանի տարի, եւ եթե այսպիսի քաղաքականություն վարվի ազգային մշակույթի եւ պարող տղաների նկատմամբ, համարենք, որ տարիներ հետո մենք ընդհանրապես տղա պարողներ չենք ունենալու»,-երեկ՝ սեպտեմբերի 6-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց նա։ 

«Նրանց աշխատավարձը շատ քիչ է։ Պարող տղան ինչպե՞ս կարող է ստանալ 80 կամ 100 հազար դրամ։ Ինչպե՞ս կարող է պետական կոլեկտիվում պարողը ստանա այդքան աշխատավարձ։ Սա ի՞նչ գումար է, որ արտիստը կարողանա իր ընտանիքի, կենցաղային կարիքները հոգալ։ Ոմանք ստիպված են լինում գնալու այլ միջոցառումների, շատ լավ գիտեք, որ պարում են տարբեր առիթների, որպեսզի կարողանան իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Բայց դա լուծման եղանակ չէ։ Ես կարծում եմ՝ այստեղ եւս բավական փոփոխությունների անհրաժեշտություն կա, պետք է վերանայել պարողներին տրվող աշխատավարձերը եւ, վերջապես, հասկանալ՝ այս երկրին պե՞տք են ազգային պարողներ, թե՞ ոչ»,-հավելեց Գեւորգյանը։  Նա նաեւ նշեց՝ «Բերդ» պարային անսամբլը չի հովանավորվում պետության կողմից․ «Չնայած՝ մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվի ստեղծագործական կոլեկտիվների համար, բայց, ցավոք սրտի, այն այդպես էլ լուծում չի ստանում»։ 

Հիշեցնենք, որ «Բերդ» պարային անսամբլն այս տարի նշում է իր հիմնադրման 60-ամյակը․ համույթը նոր է վերադարձել եվրոպական շրջագայությունից ու արդեն պատրաստվում է առաջիկա ծրագրերին։ 

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.