«Նշանակման վայրը՝ Պորշե». Միջազգային չափանիշներով և թվային լուծումներով կենտրոնը վերաբացվել է Երևանում

0

Մուգ մանուշակագույն շքեղ Porsche 911 Carrera GTS-ը կարելի է տեսնել հեռվից՝ նոր Պորշե Կենտրոն Երևանի ապակե մեծ պատուհանների միջով։ Մտնելով կենտրոն՝ ավտոմեքենան կարելի է տեսնել մոտիկից և դիպչել դրան, իսկ կողքի ինտերակտիվ վահանակի միջոցով ծանոթանալ դրա բնութագրերին և ստեղծման պատմությանը։

Ծովակալ Իսակովի 32/1 հասցեում գտնվող սրահը վերաբացումից հետո ամենևին էլ այն տեսքին չէ, ինչ ոչ հեռավոր անցյալում էր. այժմ այն ​​ոչ միայն ցուցասրահ է, որտեղ ներկայացված են Porsche ավտոմեքենաները, այլ ընկերության նոր՝ «Նշանակման վայրը՝ Պորշե» կոնցեպտի ոգու արտացոլանքը, որը համատեղում է ֆիզիկական և թվային աշխարհները։

Պորշե Կենտրոն Երևանի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը, շրջելով սրահով, լրագրողներին և հյուրերին ցույց է տալիս կենտրոնի նոր թեմատիկ մոդուլները՝ «Highlight Car», «E-Performance» և «Certified Pre-Owned Cars»: Առաջին գոտում ներկայացվում են ուշադրության արժանի և աչքի ընկնող ամենաակտուալ, ամենահետաքրքիր մոդելները։ Ներկայումս այնտեղ ցուցադրված է վերոհիշյալ Porsche 911 Carrera GTS-ը, որը սպորտային ավելի շատ հնարավորություններ ունի, քան ստանդարտ 911 Carrera-ն:

«911 մոդելները Porsche-ի գենետիկան են: Ես կարծում եմ, որ այս ապրանքանիշը ծնվել է հենց այս մոդելից: Այս մոդելն արդեն մոտ 60 տարեկան է, և այս ողջ ընթացքում ռեվոլյուցիոն փոփոխությունների չի ենթարկվել՝ միայն էվոլյուցիոն։ Մեքենան զարգացավ, ներդրվեցին նոր տեխնոլոգիաներ, օգտագործվեցին ավելի թեթև նյութեր, ավելի ժամանակակից էլեկտրոնիկա, բայց դրա էությունը, «գենետիկ միջուկը» մնաց անփոփոխ»,- պատմում է Սիմոնյանը՝ քայլելով ավտոմեքենայի շուրջը։

Նրա խոսքով՝ այսօր կենտրոնում ներկայացված Porsche 911 Carrera GTS-ն փաստացի մրցակիցներ չունի աշխարհում, քանի որ այն պարզապես հիանալի սպորտային մեքենա չէ, այն բավականին հարմար է նաև առօրյա կյանքում. ցանկության դեպքում դրանով կարելի է աշխատանքի գնալ, նաև գնումներ կատարել:

Թարմացված կենտրոնի մյուս գոտիներում ցուցադրվում են այլ, ոչ պակաս հետաքրքիր ավտոմեքենաներ, այդ թվում՝ այսօր այդքան սիրված ու արդիական էլեկտրամեքենաները։ Ներկայումս այն Porsche Taycan մոդելներից մեկն է, որն իր մեջ համատեղում է սպորտային ավտոմեքենայի հզորությունն էլեկտրական շարժիչի հետ:

«Այս մեքենան ունի 911 մոդելի գենետիկ կոդը, այն սպորտային մեքենա է, որով կարելի է ընթանալ 250 կմ/ժ արագությամբ։ Իհարկե, նման արագություններ «սովորական» էլեկտրական ավտոմեքենաներին հասանելի չեն»,- պատմում է Սիմոնյանը։

Ավտոմեքենաների մասին շատ տեղեկություններ կարելի է գտնել դրանց կողքին գտնվող թվային սենսորային վահանակների վրա։ Իսկ ընկերության, ավտոմեքենաների, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների մասին էլ ավելի հետաքրքիր տեղեկություններ և շատ ավելին կարելի է գտնել պատերից մեկին ամրացված ինտերակտիվ մեծ էկրանին:

Ե՛վ կենտրոնի տարածքում, և՛ դրսում կան էլեկտրական մեքենաների փոփոխական հոսանքի լիցքավորման կայաններ։ Գործում է նաև սպասարկման կենտրոն՝ ամբողջովին կահավորված և հագեցած այն ամենով, ինչ անհրաժեշտ է ընկերության բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար։

Կենտրոնում կա նաև հարմարավետ անկյուն, որտեղ կարելի է նստել, ծանոթանալ մոդելների հետ, զրուցել համախոհների հետ։ Եվ նույնիսկ երաժշտությունն այստեղ պատահական չի. Porsche-ի աշխարհի բոլոր կենտրոններում միացված է նույն երաժշտությունը, ինչը կարգավորում է ընկերության կենտրոնական համակարգիչը։

«Կենտրոնի վերափոխման ճանապարհն սկսվել է մոտ մեկ տարի առաջ։ Նախկինում մենք ունեինք պարզապես գեղեցիկ ցուցասրահ, որտեղ ներկայացված էին ավտոմեքենաները։ Այժմ սրահն ամբողջությամբ փոխվել է՝ նոր հայեցակարգին համապատասխան. այժմ ուշադրության կենտրոնում մարդն է, էնտուզիաստը, երազողը։ Ի՞նչ կզգա նա, երբ գա այստեղ: Ինչպե՞ս նա կծանոթանա իր երազանքների ավտոմեքենային։ Չմոռանանք, որ Porsche ապրանքանիշը հուզական ապրումների մարմնավորում է՝ նաև թվային այս դարաշրջանում»։

Ամեն ինչ սկսվում է երազանքից

Այսօր հայ սպառողներին, ինչպես վստահեցնում է Արտեմ Սիմոնյանը, հասանելի են Porsche-ի բոլոր մոդելները, որոնք նրանք կարող են ցանկանալ։

Եթե տվյալ ​​ավտոմեքենան առկա է ցուցասրահում, ապա այն կարելի է զննել, հպվել դրան, ցանկության դեպքում անմիջապես գնել: Եթե ​​մարդը երազում է կոնկրետ մոդելի մասին՝ կոնկրետ գույնի և կոնկրետ կոնֆիգուրացիաներով, ապա այն կարելի է պատվիրել․ ընկերության գործարանում կհավաքեն նրա երազանքի ավտոմեքենան, և մոտ վեց ամսից նա կկարողանա վարել այն։

«Գիտեք, ամեն ինչ սկսվում է երազանքից։ Մենք այս վայրն անվանում ենք երազողների տուն: Այստեղ դուք կարող եք իրականացնել ձեր երազանքը, նրան միս ու արյուն տալ։ Դուք կարող եք տեսնել ավտոմեքենան, շոշափել այն, լսել և հասկանալ, որ մի օր ձեր երազանքը կիրականանա»,- ասում է Սիմոնյանը: 

20 տարի Հայաստանում

Porsche ապրանքանիշը Հայաստան է եկել 20 տարի առաջ. այստեղ առաջին ցուցասրահը բացվել է 2003 թ․-ին։ Արտեմ Սիմոնյանը հիշում է, որ այն ժամանակ երկրում մեծ հարգանք էին վայելում Porsche Cayenne ամենագնացները՝ այն ժամանակվա Հայաստանի ճանապարհների համար ամենահարմար ավտոմեքենաները։ Բայց այսօր շատ բան է փոխվել, ճանապարհները դարձել են շատ ավելի լավը, և մարդիկ սկսել են պատվիրել ոչ միայն ամենագնացներ, այլև սպորտային ավտոմեքենաներ:

Ինչպես վստահեցնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Porsche-ի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Կորոլյովը, Հայաստանն այսօր ապրանքանիշի համար շատ կարևոր շուկա է։

«Porsche-ն այստեղ շատ հայտնի ապրանքանիշ է, և մեր նպատակն է այն էլ ավելի մոտեցնել ապրանքանիշի հաճախորդներին և երկրպագուներին: Հույս ունենք, որ ապագայում մենք կշարունակենք Porsche ապրանքանիշի պատմությունը Հայաստանում»,- ասում է նա։

Օրինակ ողջ տարածաշրջանի համար

Վերափոխված Պորշե Կենտրոն Երևանը լիովին համապատասխանում է Porsche-ի միջազգային ստանդարտներին։ Ավելին, առնվազն Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանում այս կենտրոնն առաջիններից է «Նշանակման վայրը՝ Պորշե» հայեցակարգի շրջանակում։ Շուտով, ինչպես վստահեցնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Porsche-ի մարքեթինգի տնօրեն Քոլաս Հենքեսը, ընկերության բոլոր կենտրոններն ու սրահները կհետևեն Երևանի օրինակին։

Ավելի մեծ քաղաքներում կենտրոնները, իհարկե, ավելի մեծ կլինեն, բայց դրանց էությունն ու ոգին նույնն է լինելու, ինչպես Երևանի կենտրոնում։

«Մեր հաճախորդների հետ շփումն իրական էմոցիաներով լցնելու և այն հնարավորինս արդիական դարձնելու համար մենք ստեղծել ենք «Նշանակման վայրը՝ Պորշե» կոնցեպտը։ Սա մեծ նախագիծ է, և այն մեծ ջանքեր է պահանջել նրանցից, ովքեր աշխատել են դրա վրա»,- պատմում է Հենքեսը։

Leave A Reply

Your email address will not be published.