Ինչպես է կառավարման փնթիությունը խոչընդոտում պատվաստման գործընթացին

0

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն ամենատարբեր գնահատականների և վերաբերմունքի է արժանացել: Հայաստանի իշխանություններից ոչ ոք այդպես էլ չի կարողանում հավատացնել կամ համոզել քաղաքացիներին դրա անհրաժեշտության մեջ: Փախարենը՝ այն ամենն ինչ կատարվում է այդ ստիպողական գործընթացի շուրջ, «պատվաստման մատերիալին» ստիպում է ավելի կասկածել, որ դա ոչ թե առողջապահական, այլ կոմերցիոն անհրաժեշտություն է: Դրա ամենատիպիկ օրինակը պատվաստման բուն գործընթացի կազմակերպումն է, որ, եզակի բացառություններով, նույնն է ամեն տեղ:

Սկսենք նրանից, որ բուժհաստատություններում այդ «կոնվեյերը» մշտապես խափանվում է մի քանի տիպիկ սխալների պատճառով: Այսպես՝ պատվաստման ուղեգիր տվող թերապևտը միաժամանակ սպասարկում է և՛ պատվաստվել ցանկացողներին, և՛ իր տեղամասի ամբուլատոր հիվանդներին: Հսկայական հերթերի պատճառով կա՛մ պատվաստվողի զննությունն է տուժում, որը մեծամասամբ կատարվում է խիստ մակերեսորեն, իսկ հաճախ ուղղակի ձևական բնույթ է կրում, կա՛մ տուժում է ամբուլատոր հիվանդը, որին սպասարկելու համար թերապևտն ուղղակի բավարար ժամանակ չունի կամ չի հատկացնում:  Հաջորդ թերությունն այն է, որ ուղեգիր ստանալուց հետո թերապևտի մոտ արդեն մեկ անգամ ժամերով հերթի մեջ սպասող քաղաքացին ստիպված է նույնպիսի հերթ կանգնել արդեն պատվաստման սենյակի մոտ: Դա էլ բավական չէ՝ արդեն պատվաստում ստացած քաղաքացին երրորդ անգամ է հերթ կանգնում թերապևտի դռան առաջ, որպեսզի գրառում ստանա պատվաստման հավաստագրում, այնինչ՝ դա կարելի է անել հենց պատվաստման սենյակում: Միջին հաշվով, մեկ անգամ պատվաստվելը քաղաքացուց խլում է 1-3 ժամ, որի ընթացքում նա ստիպված է մնալ հերթի մեջ, կրել դիմակ, վիճաբանել և նյարդայնանալ: Իսկ այդ պրոցեսներում, բացի բուն ներարկումից, ամեն ինչ ձևական է և արհեստական: Քաղաքացիների մոտ բնական հարց է առաջանում՝ եթե պատվաստումն իրոք անհրաժեշտություն է, ինչո՞ւ է բացակայում բավարար լրջությունը, ինչո՞ւ է ամենուր թափթփված վիճակ տիրում:

Հաջորդը բուժհաստատություններում առաջարկվող պատվաստանյութերի տեսականին և առկայությունն է: Որոշ պատվաստանյութերի քաղաքացիները ստիպված են սպասել օրերով՝ նախապես հերթագրվելով: Դա լրացուցիչ բարդություններ է ստեղծում և՛ քաղաքացու, և՛ այդ բուժհաստատության համար: Պատվաստման հերթում կանգնած և նախապես հերթագրված քաղաքացիների մեջ անընդհատ վեճեր են ծագում: Առավել «շուստրիներն» էլ այդ պատրվակով առանց հերթի են խցկվում պատվաստման սենյակ:

Առավել խնդրահարույց է երկրորդ դեղաչափի պատվաստումը, որովհետև նշված ժամկետում այն հաճախ բացակայում է: Ամենաթարմ օրինակը «Սինոֆարմի» դեպքն է, երբ ցուցված ժամկետի վերջում հազարավոր քաղաքացիներ չկարողացան ստանալ այն: Այստեղ պետք է մեջբերեմ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանը, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակասականն այն է, որ նույն «Սինոֆարմի» դեպքում նվազագույն ժամկետը հայտնի է, իսկ առավելագույնը՝ անհայտ:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Նույնիսկ, եթե, թեկուզ որոշակի ուշացումով, բուժհաստատությունները ինչ-որ պատվաստանյութ են ստանում, հաճախ անմիջապես չեն կարողանում դրանք իրացնել, այսինքն պատվաստել քաղաքացիներին և դա առողջապահության կազմակերպման մի չնչին քմահաճույքի պատճառով: Բանն այն է, որ պատվաստանյութը բուժհաստատությունը մատակարարող կազմակերպությունից ստանում է առանց հաշիվ-ապրանքագրի, չի կարողանում նույն պահին մուտքագրել պահեստ և իրականացնել պատվաստում, իսկ հաշիվ-ապրանքագիրն օրեր անց ստանում է առողջապահության նախարարությունից: Այսինքն՝ ապրանքը ֆիզիկապես ունի, բայց ֆորմալ առումով իրավունք չունի դրանով պատվաստել: Որոշ պոլիկլինիկաներում, քաղաքացիներին չսպասեցնելու համար, պատվաստում են դեռևս իրենց հաշվեկշռում չգրանցված պատվաստանյութով: Ստացվում է, որ քաղաքացին ֆիզիկապես պատվաստված է, բայց դրա մասին հավաստիացում ներկայացնել չի կարող, որովհետև իր ստացած չափաբաժինը ֆորմալ մառումով գոյություն չունի, քանի դեռ նախարարությունը չի բարեհաճել հաշիվ-ապրանքագիր տալ բուժհաստատությանը:

Հ.Գ.

Այս մանրամասները հնարավոր եղավ հայտնաբերել մեր լրագրողական հետաքննության ընթացքում: Բայց դրանից ոչ թե հարցերը սպառվեցին, այլ բազմապատկվեցին:

Leave A Reply

Your email address will not be published.