Չարչյանն ահազանգել է, որ իրեն հետապնդում ու խոշտանգում են Ջհանգիրյանի ցուցումով

0

Քրեական գործի շրջանակներում կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին ահազանգել է այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ճնշում է գործադրել դատավորների նկատմամբ։

Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց Թագուհի Թովմասյանն այն բանից հետո, երբ Ջհանգիրյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանն իրեն այդ մասին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում։ Գագիկ Ջհանգիրյանը թեև չնշեց կալանավորի անունը, բայց դա արեց Թագուհի Թովմասյանը։«Քանի որ դուք մեր մասնավոր զրույցը գաղտնազերծեցիք, ես ուզում եմ ասել, որ, այո՛, երբ որ ես տեսակցեցի պարոն Չարչյանի հետ, նա ասաց, որ ձեր ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում»,– հաստատեց Թովմասյանը։Պատգամավորը նաև նշեց, որ հաճախ դատավորները հյուրընկալվում են ԲԴԽ նախագահի սենյակում, ու վերջինը այդ կերպ նրանց ցուցումներ է տալիս։

Գագիկ Ջհանգիրյանը չհերքեց` դատավորներն ի պաշտոնե այցելում են ԲԴԽ։ Բայց հերքեց իրեն վերագրված մեղադրանքը Արմեն Չարչյանի գործով ճնշում գործադրելու մասին` վկայակոչելով իր կյանքից հայտնի փաստեր։

«Երկրորդ նախագահի ժամանակ, ապա նաև երրորդ նախագահի ժամանակ 1 տարի 3 ամիս հանիրավի անցկացրել եմ բանտում` իմ ընկերների հետ, դուք դա շատ լավ գիտեք։ Ես արդարացվել եմ 12 տարի անց, և իմ իրավունքների խախտումը ճանաչել է ոչ միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը, այլև Եվրոպական դատարանը։ Եվ ես չեմ պատկերացնում, թե ես ինչպես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում ևս ՀՀ–ը ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»,-ասաց նա։

Նշենք, որ ԲԴԽ նախագահն այսօր խորհրդարան է այցելել Ազգային ժողովին ներկայացնելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուներին` Հովսեփ Բեդևյանին, Հրաչ Այվազյանին և Լիանա Հակոբյանին:

Leave A Reply

Your email address will not be published.