Ադրբեջանն արգելում է հայ հոգեւորականներին ու ուխտավորներին՝ Դադիվանք մտնել (Տեսանյութ)

0

Հայ հոգեւորականներին Ադրբեջանն արդեն 3 ամիս է՝ արգելում է Դադիվանք մուտք գործել։ Արգելված է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։

Դադիվանքի հոգեւոր սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանը NEWS.am— ի հետ զրույցում  պատմում է, որ Ադրբեջանի պատճառաբանությունները հիմնավորված չեն. «Մշտապես տարբեր պատճառաբանություններ են, որոնք այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Պանդեմիա, քանդված ճանապարհ. հիմա ուղղակի ասում են՝ ոչ ու վերջ»։

Դադիվանքը նշանակված հայ վեց հոգեւորականների մշտական ծառայության վայրն է։ Չնայած վանքում եղած կենցաղային խնդիրներին՝ հայ հոգեւորականները շարունակել են իրենց ծառայությունը, բայց մայիս ելումուտ չունենք վանք։

«Դադիվանքը այլ պամաններում է գտնվում, քան Հայ առաքելական եկեղեցու որեւէ այլ վանք, այնտեղ կենցաղային խնդիրներ կան։ Երբ առողջական կամ կենցաղային պայմաններից ելնելով մեզնից որեւէ մեկը կամ երկուսը փորձում ենք դուրս գալ վանքից՝ այդ հարցերը շտկելու, այստեղ է խնդիրն առաջանում։ Արգելք կա եւ՛ դուրս գալու եւ՛ ներս մտնելու հետ կապված։ Միտումնավոր մի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի այնտեղ հայ հոգեւորական չլինի»,- ասում է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։

Դադիվանքը զրկվել է նաեւ իր ուխտավորներից. մայիսից նրանց մուտքն էլ է Ադրբեջանն արգելել՝ կրկին առանց հիմնավորման։

Հիմա Դադիվանքի հոգեւորականները Գանձասարում են։ Ռուսական կողմը բանակցությունների մեջ է, որ հոգեւորականները կարողանան վանք մտնել։

«Սպասում ենք ամեն վայրկյան, որ ռուս խաղաղապահները կարողանան համաձայնություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ եւ մենք վերադառնանք Դադիվանք»,- պատմում է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որն էլ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանքի հարեւանությամբ:

Leave A Reply

Your email address will not be published.