Այդ տղայի հետ ուղիղ եթերը սրտովս չէր, մենք երբեք տուն չենք խնդրել որևէ մեկից․ մանրամասնում է Էրիկ Խաչատրյանի մայրը

0

Երեկ համացանցում  տեսանյութ տարածվեց, որտեղ Ռուստամ Ավագյանը գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի հետ ուղիղ եթերով բնակարան գնելու համար գումար էին խնդրում իրենց հետևորդներից։

Տեսանյութը սակայն համացանցում բուռն արձագանքների թեմա դարձավ․ մի մասը Էրիկին մեղադրում է Ռուստամի հետ համատեղ եթերի համար, ում անձի շուրջ բացասական կարծիքները գերակշռում են, մյուսն մասն էլ մեղադրում է բնակարանի համար գումար խնդրելու պատճառով։

Vesti.am-ը  մանրամասները ներկայացնում է Էրիկի մոր՝ Լիաննա Խաչատրյանի հետ հարցազրույցը։

-Տիկին Լիաննա, ո՞ւմ գաղափարն է ուղիղ եթերով բնակարանաի համար գումար խնդրելը։

— 2 օր առաջ  Գերմանիայից Սոնա  անունով կին զանգեց և ասաց, որ  ցանկանում է բնակարան ունենալու հարցով օգնել մեզ։ Անկեղծ ասաց՝ ես էլ եմ հոգնել: Ամբողջ կյանքում դուռս թակում են, որ գան բնակարանը նայեն գնորդները։ Սոնան շատ ջերմ, շատ լավ կին է այդպիսի տպավորություն ունեմ նրա մասին, անձամբ չեմ  ճանաչում։

Նախօրեին  Ռուստամը եկավ և աաց, որ Սոնան է ուղարկել իրեն՝ բնակարանի հարցով։  Շատ արագ սացվեց ամեն բան, հյուրեր ունեինք, ճանապարհեցի, զրուցեցինք ու Ռուստամն ասաց, որ ուղիղ եթեր է ուզում անել։ Սիրտս կախ էր, չէի ուզում, բայց որ Էրիկը համաձայնեց, չմիջամտեցի։ Նշեմ, որ Էրիկը մեկ  տարի համացանցից օգտվելու հնարավորություն չի ունեցել, չգիտի՝ ով ով է, ինչ քաղաքական կամ հասարակական ճանապարհ է անցել։ Զանգում գալիս են, ուզում են տեսնել, չի կարող նախքան հանդիպումները, բոլորի անցած ճանապարհն ուսումնասիրել։ Առհասարակ, իմ սրտով չէր ուղիղ եթերով  բնակարանի հետ կապված հարց քննարկելը, ու, երբ հոսանքը գնաց, դա նշան էր, ես համոզվեցի, որ պիտի չշարունակենք այդ ուղիղ եթերը, սրտովս չէր։

-Ճանաչո՞ւմ եք Ռուստամ Ավագյանին։

-Ոչ, մանրամասներ չգիտեմ նրա մասին, բայց, որ ասաց Սոնան է ուղարկել, չմտածեցի, որ կարող է նման խոսակցությունների առիթ դառնալ։ Թեև կրկնում եմ, ուղիղ եթերով բնակարանի հետ կապված հարց քննարկելը սրտովս  չէր։

-Որտե՞ղ և ինչքա՞ն ժամանակ է, որ վարձակալությամբ եք  բնակվում։

-Բնիկ Վարդենիսից ենք․Ծովակ գյուղից։ 2010 թվականին տեղափոխվել ենք Խաչպար գյուղ։ Արդեն  3-րդ տունն ենք փոխում։ Պատճառը միայն տունը վաճառելն է։ Վարձը միջինը 30․000 դրամ է  կազմում։

-Ինչո՞ւ եք տեղափոխվել Վարդենիսից։

-Մենք Վարդենիսում էլ էինք վարձով ապրում։ Հայրական տանից դուրս գալուց հետո վարձով ենք ապրել, բայց քանի որ աշխատանք չկար, անիմաստ էր մնալ այնտեղ։  Ամուսինս ձկնորսությամբ էր զբաղվում, սակայն դրանով չէինք կարողանում ընտանիք պահել։

Տեղափոխվելուց հետո երկուսս էլ աշխատանք գտանք և մինչ այսօր աշխատում ենք։ Միայն պատերազմի ժամանակ ի վիճակի չէինք, այդ ընթացքում չենք աշխատել, բայց փառք Աստծո, աշխատում,՝մեր ընտանիքը պահում ենք։ Ես ջերմոցում եմ աշխատում, ամուսինս՝ կահույքի սրահում։

-Որևէ անգամ տան հարցով  պետությունից օգնություն խնդրե՞լ եք։

— 9 ամսվա ընթացքում ես գնացել եմ Կառավրություն, եկել, որևէ մեկը չի իմացել, որ մենք տուն չունենք։ Պետությունը ևս չի հետաքրքրվել ապրելու պայմաններով։ Միայն հասցե են հարցրել բնակության վայրն իմանալու համար։ Ես երբեք որևէ մեկից տուն չեմ ուզել։ Մի անգամ ծնողների հետ զրույցում ասել եմ՝ պատրաստ եմ ամբողջ կյանքում վարձով ապրել, մենակ թե Էրիկը կողքիս լինի։ Ոչինչ, ամբողջ աշխարհը վարձով է ապրում, ես էլ կապրեմ այնքան, ինչքան պետք է։

-Տիկին Լիաննա, մեկնաբանություններում շատ են շոշափում էրիկին մեքենա նվիրելը  և այլ անակնկալները։

-Անկեղծ ասաց, չէի պատկերացնում, որ այս խոսակցություները նման ընթացք կստանան։ Էրիկի վերադարձի լուրը իմանալուց հետո  ոչ միայն հարազատները այլև անծանոթ մարդիկ  ուրախացել ու ամեն մեկն ինչ-որ կերպ փորձել է օգտակար լինել, որի համար շատ շնորհակալ եմ։ Հիմնականում դրսում բնակվող մարդիկ են եկել գտել մեզ ու նաև գումարով օգնել, բայց մեծ գումարների մասին չէ խոսքը։

Բոլոր գերեվարված տղաները պետությունից 1 մլն 800 հազար դրամ գումար են ստացել։ Ես այդ գումարը քարտից չեմ հանել, չեմ կերել, վարձ չեմ տվել, ու երբ Էրիկս զանգեց ու իմացա, որ գալիս է, այդ գումարի վրա ավելացրել եմ ու մեքենա եմ գնել նրա համար։ Չեմ կարծում, թե դա այնքան մեծ գումար է, որ տուն գնելու հետ են համեմատում։

Հա, մեքենան լավ տեսք ունի, բայց այն ընդամենը 4000 դոլար արժե։

Իսկ Ռեստորանում ճոխ նշելու հետ կապված ասեմ, որ մենք միայն աթոռի գումարն ենք վճարել ինքնարժեքով, մնացած ամեն ինչը կազմակերպել էր  «Կառավելլ» ռեստորանը, որի համար ևս շնորհակալ եմ։

Ինչ վերաբերում է Էրիկի վերադարձը այդպես շուքով նշելուն, կարծում՝ եմ յուրաքանչյուր ծնող իմ փոխարեն  այդ կերպ կվարվեր։

-Էրիկը վիրահատվել է․ ծախսերն ո՞վ է հոգացել։

— Էրիկի վիրահատության բոլոր ծախսերը հոգացել է  ՀՀ ՊՆ-ն։

— Ինչո՞վ է պատրաստվում զբաղվել Էրիկը։

— Էրիկը դեռ առողջական խնդիրներ ունի։ Ոտքը թմրած է, վերականգնողական փուլ պիտի անցնի, բայց շատ է  ուզում աշխատել։ Անկեղծ ասաց՝ դեռ չի ադապտացվել։ Շատ բան է տեսել նախքան գերությունը։ Զինակից ընկերների մահն ու տանջանքն աչքերի առաջ է։ Մտերիմ ընկեր ունի կորցրած, այդ տղայի գերեզմանին գնալուց  հետո, կորցնում է իրեն։ Առանց մեզ էր գնացել, մենք չենք իմացել։

Երբ թույլատրեցին գյուղ գա, Էրիկն առաջինը գնացել է գյուղի գերեզմաններ, գնացել է Եռաբլուր՝  հուղարկավորության:  Այդ ամենը շատ է ազդել վրան, դեռ ժամանակ է պետք վերականգնվելու համար։

— Եվ վերջում․․․

-Խնդրոմ եմ, բոլոր տղաներին տուն բերեք։ Թ՛ող խաղաղություն լինի, ու ոչ մի մայր չապրի իմ ապրածը։ 

Leave A Reply

Your email address will not be published.