«Լավ մշակված սադրանք էր, քաղաքական պրովոկացիա»․ Խոսրով Հարությունյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին

0

Երեկ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկել  նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Միջադեպը նախկին վարչապետը որակում է՝ լավ մշակված սադրանք, քաղաքական պրովոկացիա։  Vesti.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ գնացել էր Ազատության հրապարակ Գառնիկ Իսագուլյանի, Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը ծանոթանալու և զրուցելու համար․ «Մոտեցել եմ հրապարակ, նշանակված ժամից բավականին  ուշ, միջոցառումն արդեն ավարտվում էր, տղաներով կանգնած հանգիստ զրուցում էինք, երբ ինձ մոտեցավ մեկը՝ այդ Արտյոմ Խաչատրյանը, որին ես չեմ ճանաչել մինչև այս դեպքը։ 1 րոպե չանցած, սկսեց աղմուկ, հայհոյանքներ, իսկ մի փոքր հեռու կանայք էին կանգնած, բնականաբար մի կողմ  հրավիրեցի, որ կարգի հրավիրեմ,  խրատական տնով ասացի՝ չես ամաչում մեծ մարդ ես, պատասխանեց՝ ոնց թե դու ինձ բան ասես ու գնաց։ Իր գնալուց հետո ինձ մոտեցան ոստիկանները և ասացին, որ պետք է իրենց հետ բաժին գնամ, բացարտրեցի, որ ոչ մի բան չի եղել, ընդամենը տղաամարդկային զրույց և վերջ, աղմուկ չի եղել, հանրային կարգ չի խախտվել։ Ոստիկանները պատասխանեցին, որ միջադեպի մասին, պետք է զեկուցեն և հեռախոսազրույցից հետո ետ եկան մի 5-6 հոգով՝ մնացածը արդեն շոուի մասին էր», պատմեց նախկին վարչապետը և հավելեց, որ սա սովորական պրովոկացիա էր, ըստ Հարությունյանի ոստիկանը ում հետ, որ խոսել է նրանից ստացել է քաղաքական պատվեր։ Ըստ Հարությունյանի խնդիրը ցուցադրական էր, ցանկանում էին ցույց տալ, որ ում ուզեն կարող են բերման ենթարկել։

Միջադեպին ներկա էր եղել նաև իրավապաշտպան հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ միջադեպը որակել էր  սադրանք և նշել, որ Խոսրով Հարույթյունյանի փոխարեն կարող էր ինքը լինել․ «Կանգնած զրուցում էինք, երբ հայտնվեց մի անմարդանման երևույթ՝ Արտյոմ Խաչատրյանը։ Մոտենալով զրուցողներին, սա սկսեց իմ հասցեին հնարովի մեղադրանքներ հնչեցնել։ Մի փոքր «արդարանալուց» հետո հասկացա, որ սա ուղղակի սադրում է և եթե նրան չհեռացնեին ծեծկռտուք էր լինելու։ Կարծես կրքերը հանգստացան, բայց այս երևույթը հաջորդ թիրախ ընտրել էր նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Չգիտեմ ինչ էր բարբաջել և ինչ էր պատասխանել պարոն Հարությունյանը և ինչ էր տեղի ունեցել, բայց հայրենի ոստիկանությունը բռի ուժով բերման ենթարկեց Խոսրով Հարությունյանին։

Համոզված եմ, որ սույն երևույթը ուղղորդված եկել էր սադրանք հրահրելու»։

Իշխանյանը նաև մի փոքր ներկայացրել է Արտյոմ Խաչատրյանին․ «Սույն երևույթը 2006 թե 2007թ․ մի գիրք էր տպել, որտեղ ամենասուր քննադատել և հայհոյել էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այցելում էր մեր գրասենյակ և աղաչում իրեն օգնել ԱԱԾ հետապնդումներից։ Նա հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է Լևոն Տեր-Պետրոսյանին և անցավ աշխատանքի «Հայկական ժամանակ» թերթում, շարունակելով հայհոյախառն «հոդվածներ» թխել։ Հետո ինչ- ինչ պատահեց նրա և ՀԺ-ի խմբագրի մեջ և այդ երևույթը սահուն անցում կատարեց դեպի Սերժ Սարգսյանը և սկսեց հայհոյել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հավանաբար, ինչպես 2007-2008թթ․ փոխեց տիրոջը, այժմ էլ հայտնվել է նախկին տիրոջ մոտ։

…Այո, Խոսրով Հարությունյանի փոխարեն կարող էի ես բերման ենթարկված լինել, արդեն երրորդ անգամ»,- եզրափակել էր ականատես իրավապաշտպանը։

Արտյոմ Խաչատրյանը հայ լրագրոող է, հրապարակախոս,  «Ազգային գաղափար» ամսագրի գլխավոր խմբագիր, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրեն։ Հայտնի է իր՝ հայ իրականության մի շարք դեմքերի վերաբերյալ երկդիմի գնահատականով։ Հաճախ իր հոդվածներում ներկայանում է Գագիկ Սարգսյան կեղծամվամբ։

Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.