Հայաստանի իշխանությունները նոր դավ են նյութում ապրիլի 24-ի նախաշեմին

0

Ermenihaber.am-ը մի հրապարակում է կատարել, ըստ որի թուրքական աղբյուրնեը հայտնում են, որ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

Ավանդական վերապահումներին ավելացել է ևս մեկը՝ Քալընը հայտնել է, որ Կովկասում ինչ-որ «նոր կարգ» է հաստատվում և,  եթե Բայդենը ցեղասպանություն բառը կիրառի, ապա Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի կենթարկվի:

Հասկանալի է, որ ապրիլի 24-ին ընդառաջ թուրքերը շանտաժ են անելու ԱՄՆ-ի նկատմամբ, հատկապես երբ մեծ է հավանականությունը, որ այդ երկրի նախագահը կարող է կիրառել ցեղասպանություն տերմինը: Բայց այստեղ այլ՝ թաքնված ուղերձ կա, որը կարող է արմատապես փոխել իրադրությունը տարածաշրջանում:

Այդ ի՞նչ «նոր կարգի» մասին է խոսել Էրդողանի խոսնակը, ովքե՞ր են հաստատում այդ «նոր կարգը», Հայաստանի իշխանությունները դրա մասին տեղյա՞կ են, մասնակցո՞ւմ են այդ «նոր կարգի» հաստատմանը, ի՞նչ ձևաչափով: Եվ ամենահետաքրքիր հարցը՝ ինչո՞ւ է դա գաղտնի պահվում հայ հասարակությունից:

Հիմա ակնհայտ է դառնում, որ ինչ-որ գործընթաց գնում է և Հայաստանի իշխանությունները, իրենց պատգամավորներից մինչև վարչապետ, սազն առել ու թուրքերի գովքն են անում: Հավանաբար դրանով հող են պատրաստում «նոր կարգի» պրեզենտացիայի համար, թեև ՀՀ ԱԳ նախարարը երկու օր առաջ հայտարարեց, որ  Թուրքիայի հետ ոչ մի քննարկում չի գնում:

Սա անչափ նման է նոյեմբերի 9-ի իրավիճակին, երբ Հայաստանի իշխանական քարոզչամեքենան հավաստիացնում էր, որ Շուշիի համար մարտեր են գնում, բայց գիշերը խայտառակ կապիտուլյացիա ստորագրեցին: Նույն կերպ մեր զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ինչ-որ առեղծվածային «բանավոր փոխըմբռնմամբ» ետ քաշվեցինք մինչև Որոտան, Շուռնուխ ու Կապանի մատույցները, բայց հետո պարզվեց, որ դրա վերևաբերյալ գրավոր համաձայնություն է եղել:

Մինչև ե՞րբ պետք է Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան ձգեն իրենց իշխանությունն ու մեր թիկունքում մեր երկրի ու ժողովրդի վերաբերյալ «նոր կարգ» հաստատեն թուրքերի հետ: Ակնհայտ է չէ՞, որ եթե այդ «նոր կարգի» համար թուրքերն են մտահոգվում, ապա դա բացառապես իրենց և Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան շահերից է բխում:

Leave A Reply

Your email address will not be published.