Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին

0

Հասարակայնության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին, որպեսզի փրկենք մեր ժողովուրդն ու պետությունը:

«Անձամբ ես ամեն ինչ ունեմ և կարող եմ իմ բազմաթիվ գործերով զբաղվել որպես հասարակական գործիչ, գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Բայց խիղճս թույլ չի տալիս՝ անգործության մատնված հետևել Հայաստանի քաղաքական իրադարձություններին, թե ինչպես են այժմյան իշխանությունները խաբեությամբ ժողովրդին թակարդը գցել և հիմա էլ հրում են դեպի անդունդը՝ կրկին խաբելով, կապիտուլյացիայի, պատերազմի և կորոնավիրուսի զոհերի, սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղքը ուրիշների վրա բարդելով, պատերազմով վախեցնելով: Մենք, 1988-ից սկսած, չափազանց թանկ ենք վճարել մեր անկախության համար, որպեսզի վերջին տասնամյակների մեր զոհերն ու կորուստները մոռանալով՝ ոտնահարենք նրանց հիշատակը, մոռացության տանք մեր պատմությունը:

Ապրիլի 24-ի նախաշեմին, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակի տարում մենք կրկին նայում ենք մեր պատմությանը, նորովի գնահատում այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ: Ետ նայելով անցյալին՝ մտովի հիշում եմ մեր մեծերին, նրանց խոսքը և վարքը: Վերընթերցում եմ Հովհաննես Թումանյանի նամակները Անդրանիկ Զորավարին՝ գրված 1917թ-ին: Հիանում եմ Թումանյանի հայրենասիրությամբ, իր յոթ զավակներին հայրենիքի ծառայությանը նվիրաբերելու պատրաստակամությամբ (4 որդիները զինվոր էին, 4 դուստրերը՝ գթության քույրեր): Ինքը՝ մեծ գրողը, ամեն ամիս 100 ռուբլի էր նվիրաբերում ու մյուսներին էլ հորդորում էր հետևել իր օրինակին: Սակայն, չորս տարի անց՝ 1921 թվականի ֆեկտեմբերին, Թումանյանը բոլորովին այլ տրամադրություններ ուներ, որովհետև «մեր երկիրը քայքայեցին ներսից և դրսից»: Ընդ որում՝ ինչպես նա գրում է, ոչ ոք չմեղադրվեց այդ պարտությունների և աղետի համար, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց ու պատասխան չտվեց: Ոչ ոք ինքնասպան չեղավ, որպեսզի ապացուցի, որ խիղճ ու ամոթ ունի: Նրանք նույնիսկ չտխրեցին կամ տխուր ձևանալ չկարողացան: Թումանյանը, որպես իսկական հայրենասեր և մտավորական, զգում էր մեղքի իր բաժինը, թեև իրենից կախված ամեն ինչ անում էր:

Հապա ինչո՞ւ այսօրվա իշխանությունները, ովքեր սպասարկում են բոլորի շահերը բացի հայից ու Հայաստանից, ոչ մի մեղքի զգացում չունեն և դեռ նորից ցանկանում են խորհրդարան մտնել, վերարտադրել իրենց իշխանությունը՝ հրաժարական տալու, հեռանալու, ինքնամաքրվելու և ժողովրդին իրենց կասկածելի խաղերին խառնելու փոխարեն:

Ակնհայտ է, որ նրանք մտածում են ոչ թե երկրի, այլ իրենց և իրենց շրջապատի փրկության մասին:

Եկել է մեր բոլորիս փոխվելու ժամանակը: Պետք է դադարենք տրտնջալ, թե պատմությունը կրկնվում է, թե մեզ մշտապես դավաճանում են և այլն: Այսօր մենք նորից կանգնած են ճակատագրական ընտրության առաջ: 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի դիրքորոշումն ու ձայնը վճռորոշ նշանակություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ մեր ճակատագիրը կախված է ՄԵԶԱՆԻՑ: Մեզանից բացի ոչ ոք չի փրկելու Հայաստանը: Ոչ մի գերտերություն, ոչ մի դաշնակից մեր փոխարեն դա չի անելու: Որքան շուտ դա մենք հասկանանք, այնքան լավ: ՄԵնք ԻՆՔՆԵՐՍ ենք մեր ճակատագրի պատասխանատուն: Այդ պատճառով էլ, մինչև քվեարկելը, մտածեք ոչ միայն այսրոպեականի մասին: Իմացեք, որ այսօր տված յուրաքանչյուր ձայնը ներդրում է Հայաստանի և ձեր զավակների ապագայում: Այլապես, հարյուր, հազար տարի անց մեր հետնորդները կանիծեն մեզ: Ոչ միայն նրանց, ովքեր խաբեցին ու դավաճանեցին ժողովրդին, այլև նրանց, ովքեր կարող էին դադարեցնել կործանումը, բայց չարեցին դա:

Հենց դրա համար էլ ես և իմ կողմնակիցները կմասնակցենք հայրենիքի փրկությանը, նոր, ուժեղ Հայաստանի կառուցմանը, որի քաղաքացիները կապրեն անվտանգ, ուժեղ, արդար և հոգևոր հասարակությունում: Մենք հավատում ենք դրան և կանենք մեզանից կախված ամեն ինչ»:

Leave A Reply

Your email address will not be published.