Yerevan Jazz Fest-ի շրջանակում Հայաստան ժամանած բրազիլացի եւ ամերիկացի երաժիշտների երեւանյան տպավորություններն ու առաջիկա համերգը

0

Yerevan Jazz Fest-ի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 30-ին կայանալիք համերգին ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Բրազիլիայից ժամանած երգչուհի Ագաթա Իրակեման, ԱՄՆ-ից երաժիշտ Ջոն Մարշալը, վոկալիաստներ Գրանտ Ստյուարտը եւ Լուսի Եղիազարյանը:

Լուսի Եղիազարյանը հայրենիք է վերադարձել Նյու Յորքից: Ասում է՝ անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: Երգչուհին, որը մի քանի ամիս առաջ  թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, հիմնականում նախընտրում է 50-60-ական թ-երի ջազը: Երաժշտայկան այս կազմի հետ առաջին անգամ է լինելու մեկ բեմում, սակայն երգչուհու խոսքով՝ ջազի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ պարտադիր չէ ճանաչես կոլեգաներիդ՝ համատեղ ներկայանալու համար: «Ջազն ամբողջությամբ հիմնված է իմպրովիզների վրա, եւ եթե երաժիշտներն այս ոլորտում պրոֆեսիոնալ են, շատ հեշտ կկարողանան աշխատել միասին»,-համոզված է նա:

Ի դեպ, Գրանտ Ստյուարտը հայուհու ընտրյալն է: Զույգը ծանոթացել է Չինաստանում կայացած շրջագայության ընթացքում: Այդպես էլ ձեւավորվել է երաժիշտների սերը, սակայն Գրանտը Հայաստանում է առաջին անգամ: Ինչպես ասում են՝ «մեր փեսացուն» տպավորված է այն ամենից, ինչ հասցրել է տեսնել.

«Իմ ճանաչած բոլոր հայերն էլ շատ լավ մարդիկ են, իսկ Երեւանն ինձ համար բնավորություն ունեցող քաղաք է: Առհասարակ, ի տարբերություն եվրոպական շատ երկների, Հայաստանը պահպանել է իր դիմագիծը, ինչով էլ առանձնահատուկ է»:

Մյուս բոլոր երաժիշտները եւս առաջին անգամ են Հայաստանում.

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Շատ լավ հայ ընկերներ ունեմ, որոնք ինձ արդեն պատմել էին, թե ինչպիսի զարմանհրաշ երկիր է Հայաստանը: Բացի այդ, համացանցում էլ շատ հետաքրքիր վայրեր եմ բացահայտել, որոնք անպայման ցանկանում եմ տեսնել այցիս ընթացքում»,-ասում է Ջոն Մարշալը:

Բրազիլուհի Ագաթա Իրակեման ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, սակայն երաժիշտ հայրը մեծ ազդեցություն է ունեցել երգչուհու երաժշտական ուղղվածության վրա: Ագաթան հիշում է՝ տանը միշտ բրազիլական երաժշտություն էր հնչում: Հայ երաժիշտներից մի քանիսին եւս ճանաչում է.

«Շատ բան չգիտեմ ձեր երկրի մասին, բայց հայտնի հայերի մասին շատ եմ լսել` Ազնավուր, Համասյան… Այժմ այստեղ եմ առաջին անգամ՝ լայն բացված աչքերով, որպեսզի հասցնեմ տեսնել ամեն ինչ»,-ոգեւորությամբ նշեց նա:

Հավելենք, որ երաժիշտների համերգային երեկոն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Իսկ նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան եւ ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաեւ ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Leave A Reply

Your email address will not be published.