Անահիտ Սիմոնյանն՝ անձնական զգեստապահարանի, այս ամռան նորաձև գույնի և նոր բիզնեսի մասին

0

Դիզայներ Անահիտ Սիմոնյանն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է: Գործունեության սկզբում քննադատում էին՝ ասելով․ «Լավ կլինի՝ երգի, ոչ թե շոր կարի»: Չի հերքում, որ շատերի պես նա էլ ունեցել է հիասթափություններ, բայց հիմա ունի երկու խանութ Լոս Անջելեսում և Երևանում, պատրաստվում է ևս մեկը բացել: BlogNews.am-ը լուսանկարել է Անահիտին և զրուցել նորաձևության մասին:       

«Նորաձևությունն իմ կյանքի մի մասն է։ Գիտակցական տարիքից ես միշտ հետևել եմ նորաձևության միտումներին և բեմական հագուստներս ընտրում էի նորաձևության թրենդներով: Հիմա ավելի խորացված եմ զբաղվում, քանի որ ունեմ արդեն իմ «Անահիտ Սիմոնյան» նորաձևության ստուդիան, երկու խանութ Երևանում և Լոս Անջելեսում, իսկ հիմա պատրաստվում եմ բացել ևս մեկը Երևանում»,- նշում է Անահիտը։

Այն հարցին՝ արդյոք իր նորաձևության ստուդիան է՞լ է թանկ ատելյե հիշեցնում, թե՞ ամեն դեպքում ինքը ոճ է թելադրում, Անահիտը պատասխանեց. «Կան հայ դիզայներներ, ովքեր նայում են, թե համաշխարհային դիզայներներն ինչ հագուստներ են ներկայացնում, ինչու ոչ, նաև իրենց հայրենակիցներին են հետևում: Տարբեր դետալներ վերցնում են, կպցնում իրար և ստանում հագուստ: Բայց հայկական նորաձևությունը զարգանում է, և կարող եմ ասել, որ հայ երիտասարդները ճաշակով են հագնվում։ Իմ նորաձևության սրահն ունի ավելի հայկական ուղղվածություն․ մեր հագուստների, աքսեսուարների վրա կարելի է տեսնել հայկական զինանշաններ, տառեր, զարդանախշեր: Արդեն վստահ կարող եմ ասել, որ իմ հիմնական հաճախորդները սփյուռքահայերն են: Նրանց մոտ կա այդ կարոտը, նրանք ավելի շատ հայրենասեր են և գտնվելով օտար երկրում՝ փորձում են ամեն կերպ տարածել հայկականը»:

Անահիտն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է, բայց խոստովանում է՝ երբ նոր էր սկսում, շատ քննադատողներ են եղել. «Խոսում և քննդատում էին անգամ մտերիմ մարդիկ, համացանցում շատ հոդվածներ էին տարածվում, որ լավ կլինի՝ ես երգեմ, ոչ թե զբաղվեմ նորաձևությամբ: Գիտես, ես այնպիսի բնավորություն ունեմ, որ նմանատիպ քննադատություններն ինձ համար խթան են հանդիսանում և դրդում, որ կանգ չառնեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր ճանապարհը կերտելիս պետք է անտեսի կողմնակի քննադատությունները և պարզապես քայլի առաջ: Հիասթափությունները շատ են եղել, բայց կանգ չեմ առել և կարծում եմ՝ ճիշտ եմ արել: Միայն դրա շնորհիվ է, որ շատ սրահներ այսօր բացվում են և փակվում, իսկ մենք արդեն յոթ տարի շարունակում ենք մեր գործունեությունը, բնականաբար, այն անկնալիքով, որ դեռ շատ առաջ ենք գնալու»:

Շատ դիզայներների պես Անահիտը նոր հավաքածու չի ներկայացնում, ոչ էլ հաճախ ցուցադրություններ անում: Ասում է, որ այլ աշխատելաոճ ունի. «Մենք չենք սպասում նոր հավաքածու թողարկելու համար: Քանի որ բնավորությամբ անհամբեր եմ, հենց նոր գաղափար եմ ունենում, ուզում եմ արագ իրագործել: Չեմ սիրում սպասել, անգամ ֆոտոշարքի, կարծում եմ՝ յուրաքանչյուր վայրկյան շատ թանկ է նորաձևության մեջ, քանի որ քո գաղափարը կարող է արագ իրականացվել, օրինակ՝ իմ ապակիներով զգեստը, որը ստեղծել էի երկու տարի առաջ․ վերջերս տեսա, որ համաշխարհային դիզայներներից մեկը ստեղծել էր նմանատիպ զգեստ: Բնականաբար, չեմ ասում, որ նա ինձ կրկնօրինակել է, բայց գաղափարը կարող է ծնվել շատերի մոտ: Սա է հիմնական պատճառը, որ ես եմ գովազդում իմ հագուստը»:

Leave A Reply

Your email address will not be published.