Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը, որը տեւական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Այն կներկայացվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Տիրամայր Հայաստանի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)։ Երաժշտախմբերը ելույթ կունենան Գերմանիայից մեր երկիր ժամանած դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որն առաջին անգամ չէ հանդես գալիս մեր երկրում։

Որպես մենակատարներ հանդես կգան Գերմանիայից հատուկ այս համերգի համար ժամանած երաժիշտներ Ֆրանցիսկա Բոբեն (սոպրանո), Սեդա Ամիր-Կարայանը (ալտ), Մարտին Փեթցոլդը (տենոր), Դասթին Դրոսձիոկը (տենոր), Յենս Համանը (բաս), Անդրեաս Շայբները (բաս)։

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» մեծակտավ ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1727թ․-ին։ Ընդհանուր տևողությունը երեք ժամ է, գործը բաղկացած է 78 մասից։ Այն երաժշտական ժառանգության գագաթնակետերից է։

Comments (0)
Add Comment