«Խնդրում եմ, դուռը չշրխկացնել». Իրավիճակը լարվեց. Ղազինյանը լքեց նիստը, Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս եկավ

Ամեն անգամ նույն աշխատաձեւով ներկայացնել Արթուր Ղազինյանին, քննարկել, հարց տալ, հետո չքվեարկել կամ դեմ քվեարկել, այս անիմաստ քննարկմանը մենք չենք կարող մասնակցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությունը քննարկելուն:

«Մենք հանձնաժողովի նիստից կհեռանանք»,-ասաց նա:

Երբ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ղազինյանին կարող է հարցեր ուղղվեն, Ղազինյանն արձագանքեց. «Հարցեր պետք է ուղղվեն ձեզ հոկտեմբերի 7-ի հետ կապված,մ որովհետեւ իշխանություն դուք եք եղել»:

 Անդրանիկ Քոչարյանի եւ Արթուր Ղազինյանի միջեւ բանավեճ ծավալվեց, նրանք միաժամանակ սկսեցին խոսել: «Ձեզ ձայն տրված չի, պարոն Ղազինյան: Գեղամ Մանուկյանը ձեզ ներկայացնելուց հրաժարվեց, մենք հարցեր ունենք Գեղամ Մանուկյանին»:

Ղազինյանն էլ ասաց. «Մեր առաջարկը հոկտեմբերի 7-ի հետ կապված մերժվեց, իշխանությանը հետաքրքիր չէ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ամսի 7-ի մերժումը, որ կարող էին չզոհվել հազարավոր մարդիկ: Օրակարգը իմ համար սպառված է այլեւս: Դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է: Ես դուրս եմ գալիս, շարունակելու որեւէ ցանկություն չունեմ»:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց. «Խնդրում եմ, դուռը չշրխկացնել»:

Իսկ ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ ճեպազրույցների ժամանակ մանիպուլյացիաներ չանել»: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մեծ-մեծ էլ չխոսեք»:

Հիշեցնենք, որ արդեն չորս անգամ հանձնաժողովի ՔՊ-ական  անդամները «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանին չեն ընտրում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Comments (0)
Add Comment