Մարդիկ չեն գիտակցում, որ ԱԲ-ն շուտով զանգվածային կերպով կփոխարինի իրենց, ինչը լուրջ խնդիր է․ ChatGPT-ի ստեղծող

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտն ստեղծած OpenAI ընկերության  հիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, թե մարդիկ չեն գիտակցում, որ ԱԲ-ն իսկապես շուտով կհանգեցնի զանգվածային կրճատումների շատ ոլորտներում։ Ալթմանն այս հայտարարությունն արել է ի պատասխան հարցին, թե ինչ է կարծում այն ​​մասին, թե ԱԲ-ի ստեղծած ապատեղեկատվությունը կարող է ազդել ընտրությունների վրա։

«Իմ ամենամեծ մտահոգությունն այս պահին սոցիալ-տնտեսական փոփոխությունների տեսակն է, արագությունն ու մասշտաբը, և թե ինչ ազդեցություն կունենա այն»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱԲ-ն կարող է զանգվածային կերպով մարդկանց փոխարինել տարբեր ոլորտներում և այդկերպ ազդել տնտեսության վրա:

Սեմ Ալթմանը նշել է, որ շատերը լրջորեն չեն մտածում այս իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ GPT-4-ը դեռևս էական վտանգ չի ներկայացնում աշխատատեղերի համար, ուստի շատերը հիմա ավելի հանգստ են այդ հարցում։

«Նրանք մտածում են՝ դե լավ, մենք շատ էինք անհանգստանում, մինչդեռ դա խնդիր չէ։ Մտավախություն ունեմ, որ մենք ապագայում պարզապես բավականաչափ լուրջ չենք վերաբերվի այս հարցին, և դա լուրջ, լուրջ խնդիր է»,- ասել է նա:

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի տարվա սկզբին կատարած ուսումնասիրության՝ ԱԲ առաջադեմ տեխնոլոգիաները կարող են ազդել զարգացած երկրներում աշխատատեղերի մոտ 60%-ի վրա: Հաղորդվում է, որ այս աշխատատեղերի գրեթե կեսը կարող է ավտոմատացվել, ինչը կարող է հանգեցնել աշխատատեղերի զանգվածային կրճատման, ինչի մասին խոսում է Ալթմանը։

Անցյալ տարի CNBC-ին տված հարցազրույցում նա ասել էր, թե «մի փոքր վախենում է» ChatGPT-ից, քանի որ այս գործիքը կարող է մարդուն փոխարինել որոշ աշխատատեղերում: Նա նշել էր, որ ԱԲ այս գործիքները կարող են օգնել մարդկանց իրենց աշխատանքում՝ պոտենցիալ օգնելով նրանց ավելին անել ավելի քիչ ժամանակում, այդուհանդերձ, դրանք կարող են նաև ամբողջությամբ փոխարինել մարդկանց որոշակի ոլորտներում:

Շատ ընկերությունների ղեկավարներ հաստատել են, որ իրենք արդեն որոշ հաստիքներում մարդկանց փոխարինել են ԱԲ-ով` արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու համար: 

Comments (0)
Add Comment