Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը կմատուցվի Փարիզում գտնվող մեկ այլ եկեղեցում՝ Լիբանանի Աստվածամոր տաճարում (Cathédrale Notre-Dame-du-Liban de Paris)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայոց թեմի Փարիզի առաջնորդարանի գանձապետ Համբարձում Թալաթինյանը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է երեկ հրավիրված ժողովի ժամանակ։
«1979 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը մատուցվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Այս տարի Փարիզի Աստվածամոր տաճարում լինելու էր թվով 40-րդ պատարագը, սակայն հրդեհի հետեւանքով որոշվեց պատարագը տեղափոխել մեկ այլ եկեղեցի եւ մատուցել Փարիզի 5-րդ թաղամասում գտնվող Լիբանանի Աստվածամոր տաճարում»,– նշեց նա։
Փարիզի առաջնորդարանի ներկայացուցչի խոսքով՝ պատարագի ամսաթիվը փոփոխություն չի կրել. պատարագը կմատուցվի ապրիլի 22-ին, ժամը 15։30–ին։
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Կրակի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ: Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը