Սալլի անունով ծառայական շունը, որը կյանքի վերջին ամիսներին օգնել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագին, օգնություն ցույց կտա Վաշինգտոնի արվարձանում Ուոլթեր Ռիդի անվան ռազմածովային հոսպիտալի հիվանդներին: Ինչպես փետրվարի 27-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով հոսպիտալի ներկայացուցչին, լաբրադորին շնորհվել է «երկրորդ կարգի սանիտարի» կոչում, Սալլիի պարտականությունների մեջ կմտնի հիվանդների սթրեսի վերացումը: Այդ հոսպիտալում ծառայական շները, հեռուստաընկերության տվյալներով՝ հիվանդներին սպասարկում են ամսական միջին հաշով 200 ժամ:
Սալլի լաբրադորը, որն անունն ստացել է ի պատիվ ամերիկացի օդաչու Չեսլի Սալենբերգերի, որը 2009 թվականի հունվարին մարդատար հանրանավի հարկադրական վայրԷջք կատարեց Հուդզոն գետում, Ջորջ Բուշ Ավագին որպես օգնական է առաջարկվել անցյալ տարվա ապրիլին՝ նրա 92-ամյա տիկնոջ՝ Բարբարայի մահվանից հետո:
Շունը վարժեցում է անցել American VetDogs ոչ առեւտրային կազմակերպությունում եւ, ըստ հեռուստաընկերության հաղորդման՝ կարող է, մասնավորապես, հրամանով բերել իրեր, բացել դռները, արձագանքել հեռախոսազանգերին, «կանչել» օգնության եւ սենյակում միացնել ու անջատել լույսը: Ջորջ Բուշ Ավագի մահվանից հետո ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հայտնվեց լաբրադորի լուսանկարը, որը պառկած էր դագաղի մոտ Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքում:
Բուշ Ավագը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: