Exclusive. «Գերիներ» սերիալի առաջին մանրամասները․ դերասանները՝ վնասվածքների, հոսանքահարվելու, քարանձավում քնելու եւ էքստրեմալ նկարահանումների մասին
Նոր ինտրիգային հեռուստասերիալ՝ էքստրեմալ պայմաններում ու անկանխատեսելի լուծումներով։ «Նոր Հայաստան» հեռուստաալիքով դեկտեմբերին կմեկնարկի ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Գերիներ»՝ 24 մասից բաղկացած հեռուստապատմությունը՝ Անի Մաղաքյանի սցենարով ու հեռուստադիտողին հայտնի դերասանների մասնակցությամբ։ Ովքե՞ր են «գերիները», ինչպե՞ս են միմյանց հետ կապված, եւ որքանո՞վ են դժվար տրվել վտանգավոր նկարահանումները հերոսներին։ Հեռուստասերիալի հեղինակներն ու դերասանական կազմը բացառիկ մանրամասներով կիսվել են NEWS.am STYLE-ի հետ։
«Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի սեր, դավաճանություն, միստիկա, ընկերություն, ավագ եւ երիտասարդ սերնդների բախում»․ ռեժիսոր Հայկ Վարդանյան
Նրա խոսքով՝ այս սերիալի սցենարը գրելու պորցեսը տարբերվել է իր նախորդ նախագծերից․ «Երբեմն ստիպված ենք եղել գրել սյուժետային գծի ավարտը, հետո վերադառնալ ու լրացումներ անել, շատ են շեշտերը նաեւ ֆլեշբեքերի վրա, ինչը բարդացնում էր գործը։ Սյուժեի հարցում ոգեշնչման աղբյուր է եղել դեռ պատանեկությանս տարիներին կարդացածս գիրքը ՝ «Հովազաձորի գերիները»»։
Պատմության մանրամասները թողնելով կադրում՝ Անին խոստացավ լարված ու հետաքրքիր սյուժե՝ ընկերության, հավատի, վստահության, նվիրվածության ու «այս ամենի հակառակ կողմի մասին»։
Ֆիլմում հեռուստադիտղը կտեսնի մի շարք հայտնի դերասանների, այդ թվում՝ Մարինկա Խաչատրյանին, Սիսիան Սեփանյանին, Էրմինա Զախարովային, Ավետ Զոհրաբյանին, Լուիզա Մելքոնյանին, Էմմա Սապունջյանին, Հայկ Հովհաննիսյանին եւ Մարտին Բաբախանյանին։ Վերջինները NEWS.am STYLE-ի հետ կիսվել են իրենց փորձառությամբ։
«Հասցրել եմ հիվանդանալ, սայթաքել, ընկնել, ունեցել եմ վնասվածքներ․․․ բայց սիրով ենք աշխատել»․ Մարինկա Խաչատրյան
Մարինկա Խաչատրյանը ֆիլմում մարմնավորում է Լիլիթին՝ շատ ակտիվ աղջկա, որն, ըստ դերասանուհու, շատ համապատասխան է մեր այսօրվա իրականությանը․ «Կերպարս, կարծում եմ, կսիրվի իր անկեղծությամբ, բարությամբ․․․ Շատ բարի է ու բոլորի մասին անհանգստանում է։ Շատ նվիրված է իր սիրելիին, ու կարծում եմ՝ հեռուստադիտողը նույնքան կսիրի Լիլիթին, որքան ես եմ հասցրել սիրել նրան։ Նրա կյանքում փոփոխությունները սկսվում են, երբ նա հայտնվում է անտառում, դառնում է այլ մարդ՝ թե հոգեպես, թե արտաքուստ»,-պատմում է նա։
Ըստ Մարինկայի՝ նկարահանումներն անցել են բավական բարդ ու դժվար պայմաններում․ «Ամիսներ շարունակ մենք եղել ենք տարբեր էքստրեմալ վայրերում։ Ինձ համար սա առաջին նկարահանումն էր նման պայմաններում։ Երբ եթերում տեսնեն, կպատկերացնեն այդ դժվարությունները։ Շատ ցուրտ էր, նույնիսկ հասցրել եմ հիվանդանալ, սայթաքել, ընկնել, ունեցել եմ վնասվածքներ․․․ բայց սիրով ենք աշխատել այս նախագծի շուրջ, ու ես շատ մեծ սպասումներ ունեմ, որ այն կսիրվի նաեւ հեռուստադիտողի կողմից, եւ մեր չարչարանքները կգնահատվեն։ Կարծում եմ՝ շատերը սթորիներով էլ են հետեւել ընթացքին, բայց նկարահանման հրապարակում ամեն ինչ այլ կերպ էր՝ դժվար էր ոչ միայն դերասանների, այլեւ տեխնիկական անձնակազմի համար, եւ ամենակարեւորն այն էր, որ մեկս մյուսին օգնում էինք եւ աջակցում»։
«Այդ էքստրեմալ պայմանները ստեղծել են իրենց ուրույն մթնոլորտը»․ Սիսիան Սեփանյան
Սիսիան Սեփանյանի կերպարը Կարենն է․ «Երիտասարդ ուսանող է, ով իր ընտանիքի տան տղամարդն է: Ակտիվ կյանքով ապրող եւ սառը դատողություն ունեցող մարդ է»,-իր հերոսի մասին պատմում է դերասանը՝ հավելելով, որ այս կերպարն իր համար տարբերվեց եւ գրավեց իր կատարած որոշումներով։
«Առաջնահերթ ինձ գրավեց սյուժեն, մասնավորապես այնտեղ ներգրավված միստիկ դեպքերը: Դժվարություններից չեմ խոսի, բայց կարծում եմ, որ այդ էքստրեմալ պայմանները նաեւ ստեղծել են իրենց ուրույն մթնոլորտը, որը կտեսնենք պատմությունը դիտելիս»:
«Թաց վիճակում, նույնիսկ, հասցրել եմ հոսանքահարվել, ու դա իմ մասնակցությամբ ամենաարտառոց դեպքն է եղել նկարահանման հրապարակում»․ Էրմինա Զախարովա
Էրմինա Զախարովայի հերոսուհին Իլոնան է։ «Կերպարս դեռահաս աղջիկ է, որը շատ էմոցիոնալ վիճակում է․ նա սիրահարվում է մի տղայի, ում համար պատրաստ է ամեն ինչի։ Ինձ համար նա առանձնահատուկ է հենց այդ զգացմունքայնությամբ, որը ես, որպես դերասանուհի, ստացել եմ նկարահանման հրապարակում՝ ռեժիսորի աշխատանքի շնորհիվ»։
Դերասանուհու խոսքով՝ սցենարն իրեն գրավել է նրանով, որ այնտեղ ցուցադրվում է այն, ինչ կատարվում է իրականում։ «Եվ մենք փորձում ենք ներկայացնել, որ դա վատ է։ Ես չեմ տեսել նմանատիպ նախագիծ։ Նկարահանումները դժվար են եղել, բայց ուզում եմ առանձնացնել իմ եւ Ավետի տեսարանը, երբ արդեն դրսում ցուրտ էր, իսկ մենք շատ բարակ հագուստով նկարահանվել ենք անձրեւի ներքո։ Մենք չունեինք սխալվելու հնարավորություն, եւ ինձ շատ ոգեւորում էին այնտեղ գտնվող մեր թիմակիցները, ովքեր հոգ էին տանում մեր մասին, շատ ուշադիր էին։ Ի դեպ, ես այդ թաց վիճակում, նույնիսկ, հասցրել եմ հոսանքահարվել, ու դա իմ մասնակցությամբ ամենաարտառոց դեպքն է եղել նկարահանման հրապարակում»,-պատմում է դերասանուհին։
Նրա կարծիքով՝ իր կերպարը կսիրվի, «քանի որ նա իր մեջ ունի անսահման սեր, մանկական է, էմոցիոնալ, անում է տարօրինակ ու խենթ քայլեր։ Ես նկարահանման հրապարակից շատ մեծ էմոցիաներ եմ վերցրել ու եւս մեկ անգամ համոզվել, որ սիրում եմ իմ մասնագիտությունը»։
«Սկզբից տեսնում ենք մեկ այլ մարդու, իսկ զարգացման ընթացքում բոլորովին ուրիշ մեկին»․ Ավետ Զոհրաբյան
Ավետ Զոհրաբյանը մարմնավորում է Վարդանի կերպարը։ «Նա չափահաս, կյանքը սիրող ու կյանքի հաճույքներից մաքսիմում օգտվող երիտասարդ է, որն ամբողջ սերիալի ընթացքում կերպարային յուրահատուկ աճ է ունենում։ Կերպարս տարբերվում է նրանով, որ սկզբից տեսնում ենք մեկ այլ մարդու, իսկ զարգացման ընթացքում բոլորովին ուրիշ մեկին։ Սցենարը գրավեց նրանով, որ շատ արդիական է եւ շոշափում է այնպիսի թեմաներ, որոնք ժամանակակից երիտասարդության շրջանում շատ ակտուալ են»,-ասում է դերասանը։
Ավետը եւս զերծ չի մնացել էքստրեմալ իրավիճակներից՝ չնայած իր տեսարաններն անտառում չեն նկարահանվել։ Դերասանը, նույնպես, առանձնացրեց անձրեւի տեսարանը․ «Երբեւէ նման փորձառություն չէի ունեցել։ Ամբողջ ստեղծագործական թիմին շատ սիրել եմ, միասին փորձել ենք ստանալ լավ աշխատանք, եւ կարծում եմ՝ հեռուստադիտողին եւս հետաքրքիր կլինի»։
«Սերիալը լարված կպահի ամբողջ ընթացքում»․ Լուիզա Մելքոնյան
Լուիզա Մելքոնյանը սերիալում մարմնավորում է Մանոյին։ Նա ուսանողուհի է, որը գիրք է գրում։ «Առաջին հայացքից թվում է, թե խելացի է, հանգիստ ու հավասարակշռված, բայց տարբեր իրավիճակների բախվելով՝ անում է քայլել, որոնք զարմանք կամ հիասթափություն են առաջացնում»,-անդրադառնալով հերոսուհուն՝ պատմում է Լուիզան։
Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը տարբերվում է, քանի որ անընդհատ բացահայտվելով՝ անում է անսպասելի քայլեր․ «Բայց անկախ ամեն ինչից՝ չի հանձնվում ու ցանկանում է ավարտին հասցնել իր երազանքների գիրքը։ Սցենարն առաջին իսկ վայրկյաններից ինձ հետաքրքրեց, ու առանց դադարի ամբողջն ընթերցել եմ։ Ինձ դուր եկավ նրանով, որ այնտեղ անընդհատ առկա են իրավիճակային փոփոխություններ, տարբեր կերպարներ՝ հարուստ գունապնակներով, չի թողնի, որ հեռուստադիտողը հոգնի, լարված կպահի ամբողջ ընթացքում»։
Լուիզային եւս չեն շրջանցել բարդ նկարահանումները, «բայց երբ սիրում ես աշխատանքդ ու անում ես այն սիրով, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Մեր ամբողջ թիմը ոչ հանձնվում էր, ոչ էլ տրնտնջում։ Կարծում եմ՝ սա պարտադիր դիտելու նախագիծ է, եւ հույս ունեմ, որ մեր քրտնաջան աշխատանքը հեռուստադիտողը կգնահատի։ Ինձ համար ամեն բան այնքան հետաքրքիր էր․ անգամ քնել եմ քարանձավում, երբ մեկ րոպե ազատ ժամանակ եմ գտել»։
«Իրականում ես եւ իմ կերպարը շատ հեռու ենք միմյանցից»․ Էմմա Սապունջյան
Վիկան կուրսեցիներից տարբերվում է իր ապրելակերպով, մտածելակերպով, ոճով՝ եւ այս ամենը՝ վատ առումով։ Նրան մարմնավորում է դերասանուհի Էմմա Սապունջյանը։ «Քանի որ Վիկան լուրջ կախվածություն ունի թմրանյութերից, կուրսեցիները նրա հետ չեն շփվում։ Կարծում եմ՝ նրա մեջ կան դեպրեսիվ նոտաներ։ Ինձ համար նրան մարմնավորելը հետաքրքիր էր, քանի որ իրականում ես եւ իմ կերպարը շատ հեռու ենք միմյանցից»,-պատմում է Էմման,-«Կարծում եմ՝ նա միակ կերպարն է, ում համար անտառում հայտնվելը լավ է լինում, քանի որ այնտեղ նա եւ գտնում է իրական սեր, եւ ազատվում է վատ սովորություններից»։
Էմմայի կարծիքով՝ պատմությունը հետաքրքիր է նրանով, որ բարձրացնում է թեմաներ, «որոնք մեր օրերում շատ արդիական են, դրանցից են՝ թմրամոլությունը եւ բուլինգը»։
Ի տարբերություն դերասաններից շատերի՝ Էմմա Սապունջյանը էքստրեմալ պայմաններն բազմիցս նկարահանվել է(«Փրկեք մեր հոգիները», «Արյունոտ խաղադրույք»․ հեղ․), «բայց այս դեպքում կառանձնացնեմ ցուրտը, քանի որ միշտ մրսում էի։
«Հերոսս առաջին հայացքից դրական կերպար չէ, բայց ունի շատ դրական գծեր ու մարդկային արժեքներ, որոնք ինչ-որ չափով մեռած են նրա մեջ»․ Հայկ Հովհաննիսյան
Ֆիլմում Հայկ Հովհաննիսյանին կտեսնեք Էդգարի կերպարով․ Հայկի խոսքով՝ «ակտիվ երիտասարդ է, ուսանող է, ունի հայր, որի հետ չի շփվում, բայց այդ մասին կիմանաք նախագիծը դիտելիս։ Հերոսս առաջին հայացքից դրական կերպար չէ, բայց ունի շատ դրական գծեր ու մարդկային արժեքներ, որոնք ինչ-որ չափով մեռած են նրա մեջ, բայց նախագծի ընթացքում, ինչ-ինչ պայմաններում, արթնանում են»։
Դերասանն ասում է՝ նկարահանումները եղել են հետաքրքիր ու հիշարժան։ «Եղել ենք տարբեր քաղաքներում, հիմնականում նկարահանվել ենք սարերում, ձորերում, քարանձավներում, ու այդ ամենն արդեն հետաքրքիր էր ու տարբերվող։ Հիշվող են, գրեթե, բոլոր օրերը»։
«Պարտադիր դիտելու ֆիլմ է, որը մտածելու տեղիք կտա»․ Մարտին Բաբախանյան