Երևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը
Armenpress.am-ը գրում է․
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին ընդառաջ խորհրդանշական է «Եվրոպայի հրապարակի» անվանակոչումը: «Անկախությունից հետո վերջին 28-տարիների ընթացքում Հայաստանը, նվիրված լինելով համաեվրոպական արժեքներին, շարունակում է կառուցել եվրոպական ուղղությամբ իր համագործակցությունը: Իր գոյության 70-տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը իրապես հաջողությամբ է կրել եվրոպական արժեհամակարգի հանդեպ պատասխանատվության իր կոչումը և շարունակում է ծավալել իր մարդակենտրոն գործունեություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեն Սիմոնյանը:
Երևանում գտնվող՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն շեշտեց, որ Եվրոպան զուտ աշխարհագրական հասկացություն չէ, այլ ավելին, մի երևույթ՝ ինչը իր շուրջն է համախմբել տարբեր լեզուներով խոսող, բայց նույն գաղափարների տեր մարդկանց:
««Եվրոպայի հրապարակը» հիշեցումն է նրա, որ Եվրոպան ոչ թե վերացական կոնցեպցիա է, այլ համակարգ, որը ներառում է մեր բոլորի ազատությունները և իրավունքները»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն:
Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիրը հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը: