Աորտային սթենոզ ունեցող պացիենտների սրտի փականը ժամանակին փոխելը էապես կբարձրացնի ապրելու նրանց շանսերը. հետազոտություն

0

Սրտի աորտային սթենոզ ունեցող մարդիկ պետք է վիրահատվեն եւ փոխեն սրտի փականը մինչեւ առաջին ախտանշանների ի հայտ գալը՝ խուսափելու համար անդառնալի ախտահարումներից, նշվել է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Open Heart ամսագրում։

Աորտային սթենոզ ունեցող պացիենտների մեծ մաս մինչեւ ախտանշանների ի հայտ գալը վիրահատվելու իրավունք չունի։

Բայց բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվել է, որ մինչեւ ախտանշանների ի հայտ գալը վիրահատված պացիենտները 79 տոկոսով ավելի հազվադեպ են հոսպիտալացվել սրտի անբավարարության պատճառով, տեղեկացրել են հետազոտողները։

Բացի այդ,  մահվան վտանգը նրանց մոտ 55 տոկոսով ավելի ցածր էր, քան այն պացիենտների մոտ, որոնց վիրահատությունը կատարվել էր ավելի ուշ, վկայել են հետազոտության տվյալները։

«Շատ պացիենտներ ախտանշաններ չեն ունենում, այդ պատճառով էլ փականը փոխելու իրավունք չունեն՝ գործող երաշխավորությունների համաձայն… [որոնք] առաջարկում են «սպասողական մոտեցում»,- ասել է հետազոտության համահեղինակ, Արեւելյան Անգլիայի համալսարանի սրտաբանության պրոֆեսոր Վասիլիոս Վասիլիուն։

Աորտային սթենոզը սրտի հիվանդությունների առավել տարածված պատճառներից է եւ առաջ է գալիս աորտային փականի նեղացման հետեւանքով, վկայել են Սրտի ամերիկյան ասոցիացիայի տվյալները։

Հենց որ աորտային սթենոզ ունեցող մարդկանց մոտ ի հայտ են գալիս ախտանշաններ՝ հեւոց, ցավ կրծքավանդակում կամ գիտակցության կորուստ, նրանց խորհուրդ է տրվում փոխել սրտի փականը, նշել են ասոցիացիայում։

Բայց շատ պացիենտներ ախտանշաններ չեն ունենում անգամ փականի խիստ նեղացման դեպքում, նշել են գիտնականները։

Այս հետազոտության եզրակացությունները հիմնված են երկու կլինիկական փորձարկումների վրա, որոնց մասնակցել է 302 մարդ, ու լրացուցիչ ութ հետազոտության վրա՝ 3 496 մասնակցով։

Բժիշկ Վասիլիուն նշել է, որ պացիենտների մոտ ախտանշանների ի հայտ գալու դեպքում կարելի է բացառել վատագույն կանխատեսումը եւ անբարենպաստ ելքը հաջող վիրահատությամբ։ 

Leave A Reply

Your email address will not be published.