Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմն Իտալիայում մասնակցում է երկու կինոփառատոնի
Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին: Սա հեղինակավոր կինոփառատոն է, որը կանցկացվի 2022թ. մայիսի 10-ից-15-ը: «Ժառանգի» ցուցադրությունը կկայանա մայիսի 11-ին «Anteo Palazzo Del Cinema» կինոթատրոնի «Abanella» կինոդահլիճում:
«Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival)»,- հայտնում է կինոկենտրոնը։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը։
Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Աիդա Սիմոնը։