«Նորմալ է, որ հիմա այդքան հաճախ չեմ երեւում էկրաններին». Գոռ Համաբարձումյանը՝ «Արտավազդ 2022»-ում իր հաղթանակի ու ներկայիս զբաղվածության մասին
«Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթած Գոռ Համբարձումյանը խոստովանում է, որ ինչպես յուրաքանչյուր դերասան, ինքն էլ էր ներսում ունեցել մրցանակը ստանալու մեծ ցանկություն, բայց չէր կանխատեսում, որ երեկոն իր համար հենց այդ դրական իրողությամբ կնշանավորվի (Իդեպ, այդանվանակարգումեղելէերկուհաղթող. մրցանակէստացելնաեւդերասանՀարություն Սարգսյանը):
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հաղթանակին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանը նշեց, որ ցանկացած հանգուցալուծման դեպքում հիասթափություն չէր ունենա, քանի որ իր խոսքով՝ այդ անվանակարգում ընդգրկվելն արդեն իսկ ուրախալի փաստ էր.
«Մրցանակաբաշխությանը շատ բարձր տրամադրությամբ եմ գնացել, քանի որ թատրոնի միջազգային օրն այն տոնն է, որը յուրաքանչյուր դերասանի, թատրոնի ոլորտի ցանկացած ներկայացուցի համար կարեւոր է: Առհասարակ, այն բոլոր դերասանները, որոնք ինձ հետ նույն անվանակարգում էին ներկայացված, անկասկած, արժանի կլինեին, եթե ստանային այդ մրցանակը»,-հավելեց դերասանը:
Խոսելով իրեն հաջողություն բերած՝ «Սապենի արքաները» ներկայացման մասին, Գոռն ընդգծեց, որ մեծ ուրախությամբ է ընդունել այնտեղ խաղալու առաջարկը.
«Երբ ներկայացման առաջարկը ստացել եմ, մեծ ոգեւորությամբ եմ այն ընդունել, քանի որ այն կատակերգական ժանրի էր, իսկ ես շատ վաղուց այդ ժանրում չէի եղել, ու մեծ սիրով եմ անցել գործի»:
Գոռն իր բեմական առաջին քայլերն արել է ուսանողական տարիներին, ու արդեն մոտ տասը տարի է՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում է: Վերջերս դերասանը հանդես եկավ նաեւ «Menախոսություն» կոչվող մոնոներկակայացմաբ, որի ռեժիսորը Տաթեւիկ Մելքոնյանն է. այն բեմադրվել է գրող Արամ Պաչյանի երեք գործերի հիման վրա: Դերասանն ասում է՝ թատրոնի հետ կապված իր էմոցիաներն աննկարագրելի են, դրանք մեկ բառով անվանում է ոգեւորություն.
«Այն զգացողությունները, որոնք ունեցել եմ թատրոնի բեմում հանդես գալով, աննկարագրելի են… Շնորհակալ եմ իմ վարպետին՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանին, որի շնորհիվ էլ ես թատրոնում ունեցա իմ փոքրիկ անկյունը, ու ինձ հնարավորություն տրվեց խաղալու բավական լավ ներկայացումներում՝ կերտելով մեկը մյուսից հետաքրքիր կերպարների: Հիմա հիմնականում զբաղված եմ թատրոնով: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այդ ոլորտում բավական երկար ժամանակ ակտիվ եմ եղել, ու կարծում եմ՝ նորմալ է, որ հիմա այդքան հաճախ չեմ երեւում էկրաններին»:
Անդրադառնալով իր առաջիկա նրություններին՝ Գոռն, առանց փակագծերը բացելու, նշեց, որ առջեւում հանդիսատեսին մի շարք ներկայացումներ են սպասվում իր մանակցությամբ, իսկ հեռուստատեսային նոր աշխատանքների մասին խոսելը դեռեւս վաղ է: