Սոցիալական ցանցերը նոր հակաուտոպիա են կառուցում․ Լուի Բ. Ռոզենբերգ

0

Մետատիեզերքի նախագծերը սպառնալիք են ստեղծում հասարակության համար։ Այս մասին հայտարարել է ընդլայնված իրականության առաջին համակարգի ստեղծողներից մեկը՝ ամերիկացի ինժեներ եւ ձեռնարկատեր Լուի Բ.Ռոզենբերգը։

«Քսան տարի առաջ բոլորը ոգեւորված էին մարդկանց համախմբելու եւ աշխարհը ժողովրդավարացնելու սոցիալական ցանցերի հնարավորություններով: Մենք սրանում ուտոպիա էինք տեսնում: Բայց երկու տասնամյակ անց մենք այժմ զգում ենք, որ սոցիալական ցանցերը նոր հակաուտոպիա են կառուցում»,- ասել է Ռոզենբերգը, գրում է HighTech+-ը։

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է դասեր քաղեն սոցիալական ցանցերի զարգացման գործում թույլ տված սխալներից։ «Խնդիրները լուծել դրանց առաջացմանը զուգնթաց»-ը վատ ռազմավարություն է, իսկ համապատասխան չափանիշների մշակումը մետատիեզերքի գործարկումից մի քանի տարի առաջ՝ լավագույն տարբերակն է: Բացի այդ, սոցցանցերն արդեն մարդկությանը տվել են խնդիրներ, որոնք իրենց դրսեւորել են վերջին տարիներին։ Դրանց խորացման ճանապարհով գնալն ուղղակի վտանգավոր է։

Սոցիալական ցանցերի կարեւոր թերություններից Ռոզենբերգը նշել է կախվածությունը, քաղաքական բեւեռացումը, ապատեղեկատվության տարածումը եւ վստահության քայքայումը հիմնական ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք են լրատվամիջոցները, կառավարությունները եւ փորձագետները:

Մասնագետն անդրադարձել է Facebook-ի, YouTube-ի եւ այլ հարթակների աշխատանքին COVID-19 համավարակի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, Ռոզենբերգն առանձնացրել է երեք տարածված պրակտիկա՝ որպես սոցիալական ցանցերի հիմնական՝ «ամենակործանարար» ասպեկտներ՝ մոնիտորինգ, մանիպուլյացիա եւ դրամայնացում:

Սոցիալական հարթակները հետեւում են իրենց օգտատերերի վարքագծին՝ դիտելով, թե մարդը ինչին է սեղմում, որտեղ է նրա կուրսորը եւ շփման ինչ շրջանակում է գտնվում։ Քանի որ մարդիկ իրենց ամենօրյա գործունեությունը ավելի ու ավելի են տեղափոխում «թվային աշխարհ», այս տվյալները յուրաքանչյուր օգտագործողի մասին ամբողջական պատկեր են ստեղծում: Նման պրոֆիլների հիման վրա ձեւավորվում են հասցեական գովազդ, քաղաքական հաղորդագրություններ եւ, մասնավորապես, ապատեղեկատվություն։ Այս բոլոր տվյալները, ասում է Ռոզենբերգը, վճարվում են գովազդատուների կողմից, եւ դա համաշխարհային դրամայնացման մի մասն է:

Նկարագրված խնդիրները, նշել է փորձագետը, արդեն կան, բայց դեպի մետատիեզերք մարդկության անցումով դրանք տեխնիկական տեսանկյունից նոր մակարդակի կհասնեն։ Փոխանակ հետեւելու, թե ինչին է սեղմում օգտատերը, նոր ականջակալները կգրանցեն ընդհանուր առմամբ նրա բոլոր գործողությունները վիրտուալ աշխարհում՝ ուր է նա գնում, ինչ է նայում, որքան երկար է նայում եւ ինչպես է արձագանքում հանդիպած առարկաներին եւ օբյեկտներին:

Որոշ սմարթֆոններ եւ խելացի ժամացույցներ արդեն ունեն նման հնարավորություններ, բայց մետատիեզերքի հաջողության դեպքում ՏՏ ընկերությունները կունենան ավելի մեծ թվով տվյալներ՝ գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար, կանխատեսում է Ռոզենբերգը: «VR-ի եւ AR-ի ամբողջ իմաստը զգայարաններին խաբելն է»,- ասում է Ռոզենբերգը: Նա մտավախություն ունի, որ նոր տեխնոլոգիաները իդեալական միջավայր կստեղծեն խաբեության, հարկադրանքի եւ ապատեղեկատվության համար:

Leave A Reply

Your email address will not be published.