«The Voice»–ի նախկին մասնակիցը մահացել է 26 տարեկանում. օձը կծել է երգչուհուն քնած ժամանակ
Աֆրիկացի երգչուհի Իֆունանյա Նվանգենեն, «The Voice Nigeria»-ի մասնակիցը, ողբերգականորեն մահացել է 26 տարեկանում. օձը կծել է նրան քնած ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում գտնվող իր բնակարանում։
AMEMUSO երգչախմբի ներկայացուցիչ Սեմ Էզուգվուն Facebook-ում հայտարարել է արտիստի մահվան մասին։ «Ծանր սրտով հայտարարում ենք Իֆունանյա Նվանգենե Նանյայի մահվան մասին», — գրել է նա։
Նվանգենեն, որը YouTube-ում հայտնի է NANYAH բեմական անվամբ, համարվում էր ծագող աստղ։ Գործընկերները նշել են, որ նա «մեծ հաջողության շեմին էր և պատրաստվում էր իր անհավանական տաղանդը կիսել աշխարհի հետ»։
Երգչուհու ընկերոջ խոսքով, որը BBC Africa-ին պատմել է միջադեպի մասին, Իֆունանյա քնած է եղել, երբ հանկարծակի սուր ցավ է զգացել ոտքին։ Նրան շտապ տեղափոխել են մոտակա կլինիկա, բայց հակաթույն չի եղել։ «Մինչ բժիշկները փորձում էին կայունացնել նրա վիճակը, աղջիկն այլևս չէր կարողանում խոսել, միայն ժեստեր էր անում։ Նա դժվարանում էր շնչել», — ասել է Էզուգվուն։ Հիվանդանոցում կար հակաթույնի երկու անհրաժեշտ դեղաչափերից միայն մեկը։ Բժիշկը գնացել է երկրորդ դեղաչափը փնտրելու, բայց երգչուհին մահացել է վերադառնալուց առաջ։
Ողբերգությունից հետո կենդանիների վերահսկման ծառայությունները ժամանել են Նվանգենեի բնակարան, որտեղ գտել էին երկու օձ։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում լսվում է, թե ինչպես են անցորդները գոռում. «Սա կոբրա է»։
Իֆունանյա Նվանգենեն մասնակցել է «Նիգերիայի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանին, որտեղ կույր լսումների ժամանակ կատարել է Ռիհաննայի «Take A Bow» հիթը։ Նրա հզոր ելույթը տպավորել է ժյուրիին։
Արտիստը պատրաստվում էր իր առաջին մենահամերգին և հայտարարել էր նիգերիացի երաժիշտ Տբրասի հետ համատեղ նախագծի մասին։