«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին

0

«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչից հետո եզրափակիչ անցած մասնակիցների մամուլի ասուլիսին լրագրողը Իսրայելի ներկայացուցչին կոշտ հարց է ուղղել, որը դահլիճում սուլոցների առիթ է հանդիսացել:

«Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով Դուք վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար»,-հետաքրքրվել է նա:

Լրագրողի հարցից հետո դահլիճում դժգոհության նոտաներ են եղել, հաղորդավարը նշել է, որ երգչուհին՝ Էդեն Գոլանը, կարող է չպատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Մրցույթում Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչը եւս երգչուհուն չպատասխանելու ազդանշան է տվել: Սակայն Էդենը որոշել է, այնուամենայնիվ, կիսվել իր կարծիքով:

«Կարծում եմ՝ մենք բոլորս այստեղ ենք մեկ նպատակով, իսկ Եվրոպական հեռարձակողների միությունը լիարժեք անվտանգություն է ապահովում, որպեսզի մենք լինենք պաշտպանված եւ միավորված, եւ ես կարծում եմ՝ այստեղ անվտանգ է բոլորի համար, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»,-նշել է նա:

Հավելենք, որ Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ»-ում հակասական կարծիքների տեղիք է տվել: Էդեն Գոլանը մրցույթում, ի սկզբանե, իր երգը պետք է ներկայացներ «October Rain» վերնագրով: Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փետրվարի կեսերին «October Rain» երգի բառերը դասակարգել էր որպես «բացահայտ քաղաքական հայտարարություններ պարունակող», ինչն արգելված է մրցույթի կանոններով։ Երգը պարունակում է այնպիսի տողեր, ինչպիսիք են «Ես դեռ թաց եմ հոկտեմբերի անձրեւից» եւ «Նրանք բոլորը լավ երեխաներ էին, նրանցից յուրաքանչյուրը», որոնք, ինչպես ենթադրվում է, նկարագրում են ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Ի վերջո, երգը ստացել է «Hurricane» անվանումը:

Leave A Reply

Your email address will not be published.