Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)

0

Սիրված հերոսը մանուկների համար դարձել է էլ ավելի պատկերվոր, գունազարդ, հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով. մայիսի 6-ին Նկարիչների Միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը: 

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Այն նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանը, որը նաեւ նախագծի տնօրենն է, ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը («ԹԻՎ 405»)։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի վրա աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձեւավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը: Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ եւ Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որի հաջողությունն էլ, Գոհար Գասպարյանի խոսքով, դարձավ նոր գաղափարի սկիզբը: 

«Երբ արեցինք մեր առաջին կոմիքսը՝  «Հայկ եւ Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատ», այն այնքան հաջողեց, եւ ծնողներն այնքան ոգեորված էին իրենց երեխաների համար, որ բոլորը հարցնում էին, թե «Սասունցի Դավիթը» երբ է լինելու: Ճիշտն ասած՝ մեր ծրագրերում նման բան չկար, բայց այնքան մեծ էր պահանջարկը, որ դա մեզ մտածելու առիթ տվեց՝ եթե այսքան կարիքը կա, ինչո՞ւ ոչ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գոհարը: 

Նա հավելեց, որ սկզբում չէին մտածում պատկերապատում անել. «Թումանյանին սրբության պես վերաբերվելով՝ վախենում էինք, պատասխանատվությունը մեծ էր, ու մտածեցինք, որ կարելի է, պարզապես, պատկերազարդումներով գիրք անել, հետո հանդիպեցինք թումանյանագետ Անի Եղիազարյանին, որը մեզ այնքան ոգեւորեց՝ նշելով, որ Թումանյանն ինքն էլ կողմ էր նորարարություններին, եւ հանգիստ կարող ենք ստեղծել կոմիքսը: Այդպես, ավելի քան 2 տարի աշխատեցինք նախագծի վրա»: 

Պատկերազարդման հիմքում «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումն է՝ այն, ինչ 1900-ականների սկզբին Թումանյանը նախաձեռնել էր մի մեծ նպատակով, ասում է Անի Եղիազարյանը: «Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետեւ ազգակին արժանապատվության եւ հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր: Այն, ինչ արել է Թումանյանը, արել է կատարյալ, եւ պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում անել՝ ընդամենը թումանյանական տեքստը մի քիչ դարձնել պատկերապատման ժանրին համապատասխան: Այստեղ որեւէ տեքստային հատված հորինված չէ՝ առանցքը թումանյանական տեքստն է, որին զուգորդված են որոշ դետալներ»,-մանրամասնեց նա: 

Պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը նշում է, որ այս կոմիքսի յուրահատկությունը նրանում է, որ այստեղ Դավիթը պատկերված է՝ որպես 18-ամյա երիտասարդ, ինչը, ըստ նրա, նաեւ դարձել է նյութի մատուցման դժվար կողմը: 

«Երբ սկսեցինք ուսումնասիրել մինչ այժմ ստեղծված Դավիթներին, տատանումը շատ մեծ էր՝ ընդհուպ մինչեւ 40 տարեկան: Իսկ դժվարությունը նրանում է, որ երբ դու ուզում ես նկարել որեւիցե հուժկու հերոսի, որը պետք է հաղթի Մսրա Մելիքին, մի տեսակ հեշտ չէ 18 տարեկան կերպարով «համոզելը»:  Այդ համոզելու վրա մենք շատ ենք տանջվել, առնվազն 100 էսքիզ է արվել միայն Դավթի դեմքը գտնելու համար, ու դա տեւել է առնվազն երկու ամիս»,-պատմեց նա: 

116 էջից բաղկացած հաստ կազմով եւ հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»–ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ:  

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.