Ծրագրավորողներն անգործ կմնան, քանզի կոդը կգրի ԱԲ-ն․ NVIDIA-ի տնօրենը երիտասարդներին խորհուրդ է տալիս գյուղատնտեսություն ուսանել
NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը հայտնի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում իր կատեգորիկ կանխատեսումներով, Դուբայում կայացած World Government Summit-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում ծրագրավորման լեզուների իմացությունը ծրագրավորողներին անհրաժեշտ չի լինի, քանի որ կոդն ամբողջությամբ կգրի արհեստական բանականությունը (ԱԲ)։
Այս տեսանկյունից NVIDIA-ի գործադիր տնօրենը կարևոր չի համարում երեխաներին ծրագրավորման հմտություններ սովորեցնելը, քանի որ ապագայում ծրագրային ապահովման մշակման համար բավական կլինի հստակ ձևակերպել տեխնիկական բնութագրերը բնական լեզվով, իսկ ծրագրավորողի փոխարեն ամբողջ աշխատանքը կկատարի արհեստական բանականությունը։
ՏՏ հսկայի ղեկավարը չի կիսում վերջին 10 կամ 15 տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների շրջանում տարածված տեսակետը, թե երեխաներին վաղ տարիքից պետք է ծրագրավորման հմտություններ սովորեցնել։
«Իրականում ամեն ինչ գրեթե ամբողջությամբ հակառակն է ․․․ Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը կվերացնի մարդու կողմից ծրագրավորման անհրաժեշտությունը, և ծրագրավորման լեզուն ըստ էության կդառնա մարդկային լեզուն: Այս աշխարհում բոլորը կկարողանան ծրագրավորող համարվել, և հենց դրանում է արհեստական բանականության հրաշքը»,- ասել է նա։
NVIDIA-ի ղեկավարը կարծում է, որ ավելի լավ է երիտասարդներն իրենց ժամանակը ծախսեն կենսատեխնոլոգիայի, կրթության, արտադրության և գյուղատնտեսության ոլորտում ավելի արժեքավոր հմտություններ ձեռք բերելու վրա։
Արդյունաբերության փորձագետ Պատրիկ Մուրհեդը չի կիսում այս տեսակետը՝ հիշեցնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում շատ տեխնոլոգիաներ, որոնք հեշտացնում են ծրագրավորողների աշխատանքը, մշտապես համայնքի կողմից դիտարկվել են որպես այդ մասնագետներին փոխարինող, սակայն աշխատաշուկայում ծրագրավորողների պահանջարկն իրականում միայն աճում է։ Առնվազն ChatGPT-ի շուկա մտնելուց հետո ծրագրավորման թափուր աշխատատեղերն ավելացել են 6%-ով։