Կրկեսային նոր ձեւաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն եւ մյուսները

0

Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։

Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։

Ծրագիրը բավական տպավորիչ է.

Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։

«Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։

Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարը, որտեղ միախառնված են ժանրերը. արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։

Ոչ մեկին անտարբեր չթողնող ձեռնածուների խումբ։

Առանց աչք թարթելու դիտվող ևս մեկ համար՝ լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։

Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ և Նիկո» դուետ, որ ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգևում հանդիսատեսին։

Եվ, իհարկե, հենց իրենք՝ Վարդանյան եղբայրները՝ իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք։ Իսկ դաշույններով համարը հանդիսատեսը դիտում է շունչը պահած։

«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստների և բալետի լավագույն պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։

Նաև ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն և լրացուցիչ հատուկ էֆեկտներ»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։

«Այս ամենը զարմանալի մթնոլորտ կստեղծի «Վարդանյան եղբայրներ» նոր բալետային շոու ձևաչափում՝ ամբողջությամբ ընկղմելով ձեզ «Կրկես» կոչվող առեղծվածային, կախարդական հեքիաթի մեջ»,- վստահեցնում է Գևորգ Վարդանյանը։

Աշխարհի բազմաթիվ երկրներում հանդիսատեսի սրտերը նվաճած, միջազգային մրցանակների դափնեկիր, բազմաթիվ հեռուստանախագծերի մասնակից Վարդանյան եղբայրները փետրվարի 17-ից Երևանում կներկայացնեն իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն։

Leave A Reply

Your email address will not be published.