Ճարպակալումը 73 տոկոսով կապված է արյան նախաքաղցկեղի վտանգի բարձրացման հետ. Blood Advances

0

Ճարպակալումը կարող է բարձրացնել անհայտ գենեզի մոնոկլոնալ գամմոպատիայի վտանգը, դա այն վիճակն է, որը հաճախ նախորդում է արյան քաղցկեղի առաջացմանը։ Այս մասին է վկայել այն հետազոտությունը, որը հրապարակվել է Blood Advances ամսագրում։

Բազմակի միելոման արյան պլազմային բջիջների՝ լեյկոցիտների տեսակի քաղցկեղն է, որոնք արտադրում են հակամարմիններ վարակների դեմ պայքարի համար։ Դրան հաճախ նախորդում է անհայտ գենեզի մոնոկլոնալ գամմոպատիան (ԱԳՄԳ)։ Այդ վիճակն ուղեկցվում է անոմալ սպիտակուցի կուտակմամբ պլազմային բջիջներում։ Սովորաբար ԱԳՄԳ-ն ընթանում է առանց ախտանշանների։

Նոր հետազոտությունում, որին մասնակցել է 2 628 մարդ ԱՄՆ-ից, գիտնականները պարզել են, որ ԱԳՄԳ-ն 73 տոկոսով ավելի հաճախ հանդիպում է ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։ Դա անփոփոխ է մնացել ֆիզիկական ակտիվության հաշվառման պարագայում, բայց շատ ակտիվ մարդիկ (օրական 45-60 րոպե վազք կամ համարժեք բեռնվածություն) ավելի քիչ են ենթակա եղել ԱԳՄԳ ունենալուն։ Ծխելն, ընդհակառակը, բարձրացրել է ԱԳՄԳ-ի առաջացման հավանականությունը։

Գիտնականները նշել են, որ իրենց եզրակացությունները չեն ապացուցում պատճառահետեւանքային կապի առկայությունը։ Նրանք նաեւ ուսումնասիրել են այն մեխանիզմները, որոնք կարող էին բացատրել իրենց արդյունքները։ Բացի այդ, ճարպակալման առկայությունը որոշել են միայն հասակի եւ քաշի հարաբերակցությամբ, որը չի արտացոլում ճարպի եւ մկանային զանգվածի բաժինը։

«Լուրջ հիվանդությունների, ներառյալ բազմակի միելոման, հավանականությունը նվազեցնելու արդյունավետ կանխարգելիչ ռազմավարություններ մշակելուց առաջ մենք պետք է ավելի լավ հասկանանք ԱԳՄԳ-ի եւ վտանգի պոտենցիալ մոդիֆիկացվող գործոնների, օրինակ ճարպակալման միջեւ փոխադարձ կապը»,- նշել են հեղինակները։

Leave A Reply

Your email address will not be published.