Լադա Դենսը պատմել է իր հետ պատահած վթարի ծանր հետեւանքների մասին
Ռուսական շոուբիզնեսի հայտնի երգչուհի Լադա Դենսը «Московский комсомолец»-ի հետ զրույցում պատմել է օգոստոսին իր հետ պատահած ավտովթարի ծանր հետեւանքների մասին։ Մեջբերելով երգչուհու հարցազրույցը՝ Lenta.ru-ն գրում է, որ պատահարի հետեւանքով Դենսը հիմա «ասես՝ նորից սովորում է քայլել»։
«Ճակատիս սպին մնացել է, դեռ չի անցնում։ Ես դա չեմ էլ թաքցնում։ Սա իմ առաջին ցնցումը չէ: Ես գիտեմ, թե ինչպես հաղթահարել դա: Հիշում եմ, թե ինչպես եմ 23 տարեկանում ընկել ձիուց։ Այդ ժամանակ էլ ուղեղի ցնցում եմ ստացել։ Երեք-չորս օր առանց արթնանալու քնեցի»,-խոսելով իր վնասվածքների մասին՝ պատմել է երգչուհին։
Արտիստը նաեւ նշել է, որ վթարի հետեւանքով ազդրի կոտրվածք է ստացել եւ մինչ օրս ցավեր է ունենում. բեմ դուրս գալուց առաջ պետք է անպայման ներարկում անի։ Դենսը հավելել է, որ իր վարորդը, ով մեղավոր է վթարի համար, դրանից հետո երբեք չի կապվել իր հետ, չի զանգահարել եւ ներողություն չի խնդրել։
Լադա Դենսը վթարի էր ենթարկվել օգոստոսի 5-ին։ Պատահարը տեղի էր ունեցել Մերձմոսկովյան Մ-2 «Ղրիմ» մայրուղու վրա՝ երեք մեքենաների մասնակցությամբ։ Դրա հետեւանքով չորս մարդ տուժել էր։