Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա «YEREVAN MUSIC NIGHT 2023»-ը

0

Արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է Երևանի ամենաերաժշտական տոներից մեկը՝ «YEREVAN MUSIC NIGHT 2023»-ը։ Նպատակ ունենալով մեկ ուրախ օր պարգևել քաղաքի բոլոր հյուրերին և բնակիչներին՝ միջոցառումը կլինի ԱՆՎՃԱՐ և հասանելի յուրաքանչյուրի համար։ Քաղաքի ամենավառ միջոցառումներից մեկը կազմակերպում են «ԷվենտՏուրա» ընկերությունը և «ԿԱՄԻ Երաժշտական Ակումբը»։ «YEREVAN MUSIC NIGHT»-ը միտված է նպաստել իրադարձային զբոսաշրջության զարգացմանն ու Երևանի ժամանցային կյանքի ակտիվացմանը։

Երաժշտական տոնը նույն բեմի վրա կհամախմբի երիտասարդների ամենասիրելի արտիստներին՝ հնարավորություն տալով այցելուներին անվճար վայելել այսօրվա ամենաթրենդային երաժշտությունը։ Միջոցառմանը բացառապես կենդանի երաժշտությամբ հանդես կգան հանրապետության առաջատար երգիչներն ու բենդերը՝ Բրյունետը, YereOne բենդը, Project 12-ը, Սոնա Ռուբենյանը, Kami Friends-ը և մի շարք այլ արտիստներ։ 

Սակայն անակնկալներն այս ամենով չեն եզրափակվելու։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ունենալու ենք ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐ-ԵՐԳԻՉ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ։ Արտիստը իր ուրույ ոճով ու տարբերվող երգացանկով գրավել է մի շարք երաժշտական բեմեր և հասցրել է դառնալ միջազգային երգիչ։ Արտիստի մասին մանրամասները կհայտնենք շատ շուտով։

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին միջոցառումը հյուրընկալել է այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են՝ Լու Բեգա-ն, Modjo Band-ը մենակատար Յան Դեստալին, դանիացի հայտնի կատարող Թոմաս Նեվերգրինին, Բանդերաս ուկրաինական հայտնի խումբը և գերմանացի հայտնի երգչուհի Oceana-ն:

Աշնան սկիզբն ազդարարող այս միջոցառումը ոչ միայն լավ հնարավորություն է տալիս լսել որակյալ և կենդանի երաժշտություն, այլ նաև փորձել բազմատեսակ կոկտեյլներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, համտեսել դրանց համապատասխան սնունդ և պարզապես անմոռանալի ժամանակ անցկացնել քաղաքի կենտրոնում։ 

Նախորդ տարի «YEREVAN MUSIC NIGHT»-ը ունեցել է ավելի քան 15․000 այցելու, որից 30%-ը եղել են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից։ 

Միջոցառման մուտքն ազատ է, այցելուներին մնում է միայն սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին գալ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ և վայելել աշնանային երեկոներից մեկը՝ օգնելով մեզ դարձնել Երևանը տարածաշրջանի ամենամշակութային քաղաքներից մեկը

Leave A Reply

Your email address will not be published.