Մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների վարում.  «Ուիգմորի» սատելիտային սիմպոզիումը

0

Երեւանում հուլիսի 5-ին մեկնարկած Վեցերորդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար բուժկենտրոնը և Առողջապահության ազգային ինստիտուտը կազմակերպել են սատելիտային սիմպոզիում Մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների վարման թեմայով:

Վաղ փուլում սպեցիֆիկ ախտանշաններ չունեցող այս հիվանդությունը ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում կարող է դառնալ խրոնիկ և հանգեցնել հաշմանդամության։

Ժամանակակից մանկաբուժության այս ակտուալ խնդիրը քննարկելու նպատակով Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար բուժկենտրոնում հավաքվել էին տարբեր մասնագետներ՝ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ–ից և Ֆրանսիայից։ Նրանք քննարկել են խնդրին առնչվող բազմաթիվ հարցեր՝ մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների դասակարգում, դրանց ախտորոշման մեթոդներ,  հակաբիոտիկային բուժում,  վիրաբուժական և օրթոպեդիկ մոտեցումներ, քրոնիկ օստեոմիելիտի վարում։

Մեծ Բրիտանիա Էվելինա Լոնդոնի մանկական հիվանդանոցի բժշկուհի, մանկական վարակաբան, համաճարակաբան Ալիսիա Դեմիրճյանի խոսքով՝ հոդերի ինֆեկցիաները երեխաների մոտ բավական տարածված են, եւ այստեղ կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումը:

«Իրականում, շատ տարածված թեմա է ոսկրերի եւ հոդերի ինֆեկցիաները մանուկների մոտ: Եվ շատ դեպքերում  ծնողները չեն կարողանում տարբերել եւ արագ հայտնաբերել։ Վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է, որ  հետագա բուժումն ավելի ճիշտ լինի եւ քիչ հետեւանքներով: Շատ կարեւոր է այս թեման բազմադիսցիպլինար բժիշկների համար, որպեսզի միասին, թիմային դիտարկեն այս հարցը։ Եվ այդ առումով կարեւոր է, որ այստեղ ունենք մանկաբույժներ, օրթոպեդներ, վնասվածքաբաններ, ռադիոլոգներ, տարբեր մասնագետներ, ովքեր նույն  թեմայի շուրջ միասին քննարկում են՝ ինչպես այդ դեպքերը վաղ հայտնաբերել եւ հետագայում բուժել»,- ասաց նա:

Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար բուժկենտրոնի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանն իր հերթին նշեց, որ ոսկորներում  եւ հոդերում ինֆեկցիաները նախկինում շատ հաճախ բերում էին խորը հաշմանդամության: «Հիմնականում պատճառը նախկինում ուշ դիագնոստիկան էր եւ ոչ ճիշտ բուժումը: Այս սիմպոզիումի նշանակությունն այն է, որ մենք կարողանանք վաղ ախտորոշել ինֆեկցիան եւ ճիշտ ուղղություններով կարողանանք բուժել, որպեսզի պակասեցնենք այն խնդիրները, որոնք առաջանում են այդ երեխաների մոտ: Երբ ես սկսում էի իմ աշխատանքային պրակտիկան, այն ժամանակ մենք ոչ դիագնոստիկա ունեինք, ոչ ՄՌՏ։ Երկրորդը՝անտիբիոտիկների պակասությունն էր եւ սխալ օգտագործումը, որը շատ հաճախ ավելի շատ վնաս էր տալիս երեխաներին, քան օգուտ»,- ասաց նա:

Մանկական վարակաբան, համաճարակաբան Ալիսիա Դեմիրճյանն էլ հավելեց, որ շատ կարեւոր է ճիշտ որոշել՝ ինչ անտիբիոտիկ օգտագործել եւ որքան ժամանակ.  «Որպեսզի տեսնք՝ եթե արդյունքը ցանկալի չ , արագ կարողանանք բուժման ընթացքը փոխել։ Հակաբիոտիկների շատ օգտագործումը բերում է դրանց հանդեպ կայունության, եւ արդեն դրանց կիրառումը չի տալիս ցանկալի արդյունքը։ Այդ պատճառով կարեւոր է դրանց ճիշտ, չափավոր կիրառումը, որպեսզի հակաբիոտիկները իրենց ազդեցությունը չկորցնեն նման բուժման ընթացքում»:

Սիմպոզիումին օնլայն ռեժիմով մասնակցում են նաև բժիշկներ Արցախից, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողացել ժամանել Երևան։

Սիմպոզիումը կրեդիտավորված է։ Բժիշկները, որոնք մասնակցում են միջոցառմանը, կստանան շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։

Leave A Reply

Your email address will not be published.