Մարդիկ մտածում են՝ եթե այցելում ես բժշկի, ավելորդ դեղեր է  նշանակում, «պաս» է տալիս իր ծանոթ բժիշկներին. Խարազյան

0

Առողջապահության ապահովագրության գաղափարը ողջունելի է, այն նախատեսված է մեղմելու քաղաքացիների ֆինանսական բեռը,  ստեղծելու վստահության միջավայր, որն այսօր առողջապահական համակարգում չկա, սակայն մեզ համար խնդրահարույց է, որ նախագծի բոլոր դրույթները անձնակենտրոն չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, «Առողջության ապահովագրության առողջապահական ռիսկերը» թեմայով քննարկման  ժամանակ նշեց ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյանը:

«Օրինակ, ի սկզբանե նախատեսված է սահմանափակում բուժհաստատությունների ընտրության հարցում: Ինչ-որ չափորոշիչներ են սահմանված, որոնց հիման վրա ընտրվելու են  բուժկենտրոնները, որոնք մտնելու են ապահովագրության համակարգի մեջ, իսկ որոշ բժշկական հաստատություններ դուրս են մնալու: Բայց մենք այսօր չունենք այն չափորոշիչները, որոնց հիման վրա ընտրվելու են հաստատությունները: Մենք այսօր ավելի շատ ընտրում ենք բժշկին, ոչ թե կազմակերպությանը: Եթե Երեւանից դուրս նայենք, այդ խնդիրը մի քանի անգամ ավելի խորն է»,-ասաց նա:

Քննարկմանը մասնակցող ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը նշեց, որ այդ ընտրության չափանիշները միշտ էլ եղել են, որոնք հիմնված են եղել լիցենզիայի առկայության, կարողությունների, հնարավորությունների գնահատման վրա. «Ապահովագրության դեպքում՝ այդ չափանիշները խստացվում են եւ դա պայմանավորված է բուժօգնության որակի համապատասխան մակարդակի ապահովմամբ»:

Խարազյանը չհամաձայնեց, որ առողջապահական համակարգը պատրաստ չէ ապահովագրության ներդրմանը. «Ես համաձայն չեմ, որ համակարգը պատրաստ չէ, այն հենց ներդրվում է փուլային տարբերակով, որպեսզի ապահովվեն բոլոր նախապայմանները, որ համակարգի ներդրումը հնարավորինս ավելի համապատասխանի բուժօգնության որակի այն մակարդակին, որի նպատակադրումը դրել ենք: Այս առումով մենք խնդիր ունենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, նաեւ բժիշկների մասնագիտական մակարդակի պարբերական բարձրացման: Ի վերջո, այդ բժշկական տարածքները կլինեն հարմար, թե ոչ, բուժօգնություն մատուցողների գիտելիքներն են այստեղ կարեւոր»:

Անդրադառնալով համակարգի ֆինանսավորմանը, Խարազյանն ասաց. «ՀՆԱ-ի 1,4 տոկոսի չափով ֆինանսավորվող առողջապահության համակարգը չէր կարող մեկ տարում վերափոխվել, դառնալ իդեալական գործող համակարգ:

Ապահովագրության ներդրումը ենթադրում է կայուն ֆինանսավորման համակարգ, եւ այս պարագայում ես ենթադրում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում առողջապահական համակարգում զուգահեռ ընթացող մյուս պրոցեսների, մենք կապահովենք համակարգի առավել արդյունավետ գործունեություն:

Չնայած, ներկայումս էլ, փուլային ներդրման պարագայում մեր համակարգը պատրաստ է ապահովագրության շրջանակներում նախատեսված փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները մեր կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան մատուցել»:

Նախարարի օգնականը խոսեց նաեւ առողջապհության ապահովագրման որոշ առանձնահատկությունների մասին. «Պետպատվերը գործել է շատ սահմանափակ թվով մարդկանց համար՝ 30-40 տոկոսի համար, մնացածն ինքն է որոշել, թե ինչ ծառայություններից որ պահին օգտվի: Դա էլ բերել է որոշակի հարաբերությունների փոփոխությունների:

Մարդկանց համար շատ դժվար է ընդունել, որ ինքը անպայման պետք է այցելի առողջության առաջնային պահպանման իր բժշկին, եւ նա պետք է որոշի, թե ինչ ծառայություն պետք է ստանա, եւ եթե անհրաժեշտ է, ուղեգրվի այլ ԲԿ-ներ: Մարդկանց մոտ, ցավոք սրտի, ձեւավորվել են տարբեր մտքեր, որ բժիշկին եթե այցելում ես, ավելորդ դեղեր է  նշանակում, պաս է տալիս իր ծանոթ բժիշկներին: Չեմ բացառում, որ նման դեպքեր էլ լինեն, բայց ընդհանուր առմամբ, դա գալիս է նրանից, որ մարդը ստիպված է լինելու դրա համար վճարել ու այդ քայլերը չկատարելու համար նա ուղղակի մտացածին հետեւանքների մասին մտածելով չի դիմում բժշկի: Սա եւս պետք է փորձենք կարգավորել: Վստահությունը հատկապես առաջնային օղակի բժիշկների հանդեպ պետք է վերականգնվի եւ միայն այդպես կարող ենք զարգացնել առողջության առաջնային օղակը»:

Leave A Reply

Your email address will not be published.