«Դուք շատ ցածր եք իջել». Բրիթնի Սփիրսը կտրուկ պատասխանել է իր որդիներին, որոնք նրան մեղադրել են թմրանյութեր օգտագործելու մեջ

0

Թվում է, թե փոփ արքայադստեր գլխին կրկին ամպեր են կուտակվել։ Բրիտանական Daily Mail-ի կողմից վերջերս հրապարակված հարցազրույցում երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը, նրա նախկին ամուսին Քեւին Ֆեդերլայնը եւ դեռահաս որդիները Բրիթնիին մեղադրել են անօրինական նյութեր օգտագործելու մեջ։ Մասնավորապես, 17-ամյա Շոն Փրեսթոնը եւ 16-ամյա Ջեյդենը պնդում են, որ տեսել են ինչպես են թմրանյութեր առաքել իրենց մոր առանձնատուն։ Եվ եթե աստղը կարծես ընտելացել է ծնողի եւ նախկին ամուսնու պնդումներին, ապա որդիների խոսքերը նրան լրջորեն վիրավորել են։ Ի պատասխան՝ Բրիթնին դառը դժգոհությամբ լի գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։

«Որքա՜ն ցավալի է որոշ մարդկանցից սուտը լսելը: Երեւի դա նույնիսկ նրանք չեն ասում, քանի որ ես իմաստ չեմ տեսնում այս ստի մեջ։ Փրեսթոնն ասում է. «Նա պետք է մեզ լսի, քանի դեռ ուշ չէ»: Հիշո՞ւմ եք, ամեն անգամ, երբ գալիս էիք իմ տուն, պարզապես մտնում էիք ձեր սենյակ եւ կողպում դուռը: Ես նույնիսկ ձեզ չէի տեսնում, տղաներ: […] Ես տխուր եմ, քանի որ փորձել եմ ամեն ինչ անել ձեզ համար, բայց դա երբեք բավարար չի եղել։ Եվ այն, ինչ պատմում եք իմ մասին մեջքիս հետեւում, կոտրում է իմ սիրտը: […] Ինչո՞ւ են ինձ ասում, որ ես պետք է ձեռքերս ծալած նստեմ եւ այս ամենից վեր լինեմ, երբ շրջապատում բոլորն այնքան ցածր են իջնում»,- ասել է Բրիթնի Սփիրսը:

Սակայն գրառման վերջում երգչուհին հույս է հայտնել, որ դրանք ոչ թե իր երեխաների խոսքերն են, այլ դեղին մամուլի շահարկումները։ Իսկ Քեւին Ֆեդերլայնն անուղղակիորեն հաստատել է իր ենթադրությունները. հոդվածի հրապարակումից հետո TMZ-ի լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դրա հեղինակներ Դաֆնե Բարաքը եւ Յերբիլ Գունաստին «որոշել են կեղծել փաստերը եւ Daily Mail-ում հրապարակել այն ցավը, որ զգացել է մեր ընտանիքը. մեր փոքրիկների տրավմաների հետ մեկտեղ։ Մենք իրականում թույլ տվեցինք եւ՛ Դաֆնեին, եւ՛ Բիլին մեր տուն մտնել, քանի որ վստահում էինք նրանց: Բայց այս վստահությունը կորավ, եւ մենք դադարեցրինք բոլոր շփումները նրանց հետ դեռ մարտին»։ Թե կոնկրետ ինչ փաստեր են կեղծել լրագրողները, աստղի նախկին ամուսինը, սակայն, չի մանրամասնել։ Ընդհանրապես, այս պատմության մեջ, ինչպես միշտ, մի բան պարզ է՝ մենք ոչինչ չենք հասկանում։ Այսպիսով, մենք շարունակում ենք հետեւել Բրիթնիի պարերին եւ հույս  հայտնում, որ ամեն ինչ լավ կլինի։

Leave A Reply

Your email address will not be published.