Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում

0

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կներկայացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 20:00 Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։

«Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարեւոր են ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա: Ֆիլմը բացառիկ է իր տեսակով, ոճով եւ սցենարով՝ ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ: Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի եւ որակի ֆիլմ ստանալ, այն էլ՝ չունենալով մեծ ներդրողներ»,-նշում է Սերժ Գաբյանը։

Հիշեցնենք, որ ֆիլմն այս տարի ապրիլին ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ բիզնեսմենին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու եւ ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:

Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արման Ղազարյանը, նաեւ իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla -ն: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչեւ 2022-ի մայիսը՝ Երեւանում: Այն «Հուլիգան Ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

Leave A Reply

Your email address will not be published.