Հայկական Symphony բրենդը Միլանի նորաձեւության շաբաթին ներկայացել է հայկական տարազի մոտիվներով կարված հարսանեկան հավաքածուով (ֆոտո)
Հայկական հարսանեկան զգեստների Symphony բրենդը վերջերս մասնակցել է Միլանի նորաձեւության շաբաթին՝ ցուցադրելով հայկական տարազի մոտիվներով կարված հարսանեկան հավաքածուն։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում բրենդի համահիմնադիրներից Սաթենիկ Մխիթարյանը պատմեց, որ Միլանի նորաձեւության շաբաթին մասնակցության առաջարկ մի քանի տարի է, ինչ ստանում էին, բայց միայն այս տարի են հասկացել, որ ամեն առումով պատրաստ էին․
«Կազմակերպիչներից մեկը, ով ազգությամբ հայ է, պարբերաբար, վստահեցնում էր, որ հարսանեկան զգեստների մեր հավաքածուն առանձնահատուկ է եւ արժանի ուշադրության միջազգային շուկայում։ Անկեղծ ասած, այդ ժամանակ բավականին ինքնավստահ չէինք, կասկածամտորեն, թերահավատորեն էինք վերաբերվում ինքներս մեզ եւ մերժում էինք առաջարկը։ Այս տարի բոլոր նպաստավոր հանգամանքները կային մասնակցելու համար, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից»,-հավելեց նա,-«Վերջին հավաքածուն շատ արագ ստեղծեցինք՝ նորաձեւության շաբաթին մասնակցության առաջարկը հաստատելուց հետո մոտ երկու ամսվա ընթացքում։ Հավաքածուի առանձնահատկությունն այն է, որ զգեստները հայկական տարազի մոտիվներով են, օգտագործել ենք հայկական ձեռագործ զարդանախշեր։ Ունենք նաեւ հավաքածու՝ ոգեշնչված գանձակեցի նորահարսի զգեստից, Ախալցխայի հայ կնոջ տարազից»։
Բրենդը ստեղծում է, բացառապես, հարսանեկան զգեստներ, որոնք, ըստ հիմնադիրների, ընտրում են այն աղջիկները, որոնք եւ՛ նորաձև են, եւ՛ սիրում են ազգային տարրեր օգտագործել հարսանյաց հանդեսի տարբեր դետալներում։
«Մինչ այս ունեցել ենք երեկոյան զգեստների երկու հավաքածու, բայց, հաշվի առնելով հաճախորդների կարծիքները, գնահատականները՝ եկանք եզրահանգման, որ պետք է ստեղծենք միայն հարսանեկան զգեստներ,-ասաց Սաթենիկը,-Մեր հավաքածուները միայն հայկական ազգային տարազի մոտիվներով չեն, ունենք Եվրոպական հավաքածու՝ ոգեշնչված ֆրանսիական, իտալական հարսանեկան զգեստներից՝ մինիմալիստական լուծումներով»։
Ինչ վերաբերում է Միլանի նորաձեւության շաբաթվա արդյունքներին՝ բրենդի հիմնադիրը նշեց, որ ցուցադրությանը մասնակցելն, առաջին հերթին, ճանաչելիություն եւ արժեքավոր կապեր է տվել։
«Միջոցառմանը ներկա էին աշխարհում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, ամսագրերի գլխավոր խմբագրեր, որոնք հետաքրքրված էին մեր հավաքածուով, այժմ էլ բանակցություններ են ընթանում՝ կապված հետագա համագործակցության հետ։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի արդյունքներ, եւ մեր բրենդը տարբեր ձեւաչափերով կկարողանանք ներկայացնել աշխարհին»։