«Ականջի որդ». ինչո՞ւ որոշ երգեր ոչ մի կերպ գլխիցդ դուրս չեն գալիս

0

Կա՞ որեւէ երգ, որը, կարծես դիտավորյալ, մշտապես հնչում է ձեր գլխում։ Գուցե այդ մեղեդին ձեզ արդեն դուր էլ չի գալիս, եւ չեք էլ հիշում, թե որտեղից է այն հայտնվել ձեր գլխում, բայց այն նորից ու նորից հնչում է ձեր գլխում։

Եթե կա նման բան եւ չեք կարողանում ազատվել դրանից, ամենայն հավանականությամբ «ականջի որդ» եք «բռնել»։ Իհարկե, ոչ բառացիորեն։ Այսպես է կոչվում այն վիճակը, երբ գլխում ակամա կառչուն երաժշտություն է հնչում։

Կարծիք կա, որ մարդկանց 98 տոկոսը բախվել է նման ուղեկցող մեղեդիների։

Երաժշտության հետազոտողները փնտրել են հիշվող հնչյունների գաղտնիքները նրանց տեմպի եւ բարձրության մեջ։ Բայց նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Music & Science ամսագրում, առաջարկում է երաժշտության այլ բացատրություն, երաժշտության, որից ազատվել չենք կարողանում, տեղեկացրել է MedicalXpress-ը։

Բանալին, ըստ Արվեստների եւ մեդիայի դպրոցի էմպիրիկ երաժշտության լաբորատորիայի պարբերական ուսումնասիրության հեղինակ, պրոֆեսոր Էմերի Շուբերտի՝ կրկնության մեջ է։ «Պարզվում է՝ կա կարեւոր բնութագիր, որն անհրաժեշտ է, որպեսզի երգը մնա մեզ հետ. երաժշտության մեջ պետք է ինչ-որ կրկնություններ լինեն»,- ասել է պրոֆեսոր Շուբերտը։

Կրկներգը դուրս չի՞ գալիս գլխիցդ

Պրոֆեսոր Շուբերտը բացատրում է, որ ավելի հաճախ «ականջի որդերը» կապված են երաժշտական կտորների հետ, որոնք ավելի հաճախ են կրկնվում, սովորաբար այդ կտորները լինում են երգերի կրներգերում։ «Ենթադրվում է, որ «ականջի որդերը» կարող են ոչ մի կապ չունենալ երաժշտական առանձնահատկությունների հետ։ Մեծ հաշվով նշանակություն չունի, թե ինչ երաժշտություն է, եթե դրանում կրկներգեր կան»։

Բայց երգում առկա կրկնությունը հավասարման միայն մի մասն է։ Հետազոտության համաձայն՝ «կառչուն մեղեդին «որսալու» համար մենք պետք է գտնվենք այսպես կոչված նվազած ուշադրության վիճակում։ «Երբեմն դա անվանում են մտքի թափառում, այսինքն՝ թուլացած վիճակ։ Եթե դուք խորապես մխրճվել եք այն միջավայրում, որտեղ գտնվում եք, իսկապես կենտրոնանում եք խնդրի վրա, ապա դուք «ականջի որդ» չունեք,- նշել է պրոֆեսոր Շուբերտը։ «Թուլացած մտքի վիճակում դուք չպետք է հետեւեք երաժշտության ճշգրիտ կառույցին։ Ձեր միտքն ազատ է՝ թափառելու այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս, եւ ամենապարզ տեղը երաժշտության կրկնվող կտորն է»։

Ինչպե՞ս փոխել տրեկը

Ինչ-որ մեկի համար գլխում կրկնվող երաժշտությունը դառնում է անցանկալի երեւույթ, բայց շատերին այն հաճելի է։ Չնայած այդ երաժշտությունը դեպքերի մեծ մասում հիվանդություն չէ եւ վտանգավոր չի համարվում, նրանց համար, ովքեր հույս ունեն ազատվել անցանկալի երաժշտությունից, գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե ինչպես պետք է անել դա։

«Գուցե դուք կարողանաք ազատվել «ականջի որդից»՝ գիտակցաբար մտածելով մեկ այլ երաժշտական ստեղծագործության մասին կամ ձեզ համար հեռացնելով թրիգերները, այնպիսիք, ինչպիսին են բառերը կամ հիշողությունները՝ կապված երաժշտության կամ տեքստերի հետ»,- նշել է պրոֆեսոր Շուբերտը։

Հետաքրքիր է, որ «ականջի որդերի» ֆենոմենի հետազոտությունը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես ենք մենք կազմավորում եւ հիշում նյութը։ Այնպես որ, կառչուն մեղեդիները պարզապես ֆոնային երաժշտություն չեն, այլ մեր հիշողության եւ ուշադրության գաղտնիքների բանալին։

Leave A Reply

Your email address will not be published.