«Ինիշերինի Բանշիները».  նուրբ սահման իրականության եւ աբսուրդի, կատակերգության եւ ողբերգության միջեւ

0

Վաղեմի ընկերներ Պատրիկ Սալիվանը (Քոլին Ֆարել) եւ Քոլմ Դոերտին (Բրենդան Գլիսոն) ապրում են Ինիշերին փոքրիկ կղզում 1922-1923 թվականների Իռլանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նրանք ամեն օր գնում են փաբ, անկեղծ զրուցում եւ ոչ մի բան աղետ չի կանխագուշակում: Բայց մի օր երաժիշտ Դոերտին առանց պատճառը բացատրելու «հենց այնպես» խզել ընկերական հարաբերությունները նրա հետ։ Փորձելով ռացիոնալ բացատրություն գտնել՝ Պատրիկը սկսում է զավեշտական եւ ողբերգական իրադարձությունների շղթա, որոնք ալեկոծելու են փոքրիկ կղզու քնկոտ կեցությունը:

Մարտին Մաքդոնահն իր կարիերայի տարիների ընթացքում իրեն դրսեւորել է որպես ռեժիսոր եւ սցենարիստ, որը կարողանում է ստեղծել օրիգինալ, զուտ հեղինակային, աներեւակայելիորեն սրամիտ եւ, միաժամանակ, հանդիսատեսի կողմից չափազանց սիրված կինո:

«Ընդհատակ Բրյուգեում»-ից (2008թ.) մեջբերումները թեւավոր խոսքերի են վերածվել , իսկ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» (2017) ֆիլմը ռեժիսորին առավելագույնս մոտեցրել է գլխավոր կինոմրցանակներին եւ վերջնական համաշխարհային ճանաչման։ «Ինիշերինի Բանշիները» հեղինակի ստեղծագործական ուղու գագաթնակետն է, սակայն հենց այդ պատճառով ժապավենը, հնարավոր է, ավելի քիչ ճանաչում ստանա։ Մաքդոնահը միշտ քայլել է իրականության եւ աբսուրդի, կատակերգության եւ ողբերգության, ակնհայտի եւ անհավանականի միջեւ ընկած նուրբ սահմանով: «Բանշի»-ում այդ սահմանը երբեմն այնքան բարակ է, որ գրեթե չի երեւում։

Այս պատմության նախադրյալները ցնցող են իրենց պարզությամբ, բայց միեւնույն ժամանակ, տրիվիալ չէ՝ ընկերներից մեկը դադարել է շփվել մյուսի հետ՝ դրա համար չունենալով որեւէ համոզիչ պատճառ, բացի հարաբերությունները դադարեցնելու անհրաժեշտության զգացումից: Դասական սցենարի բոլոր կանոնների համաձայն՝ սյուժետային նման քայլը չի դիմանում քննադատությանը, քանի որ դրանում բացարձակապես մոտիվացիա չկա։ Զարմանալի չէ, որ Սալիվանի դետեկտիվ հետաքննությունը զուրկ է իմաստից՝ անհնար է գտնել այն բանի պատճառը, որն այդ պատճառը պարզապես չունի: «Ինիշերինի Բանշիները» կարծես ներծծված է էքզիստենցիալ փիլիսոփայության ոգով, հետեւաբար  չի խուսափում աբսուրդի հետ բախումից։

Թեեւ էկրանին տեղի ունեցող գործողությունը պատճառ չունի, բայց բոլորովին այլ բնույթի հետեւանքներ ունի։ Այստեղ, ինչպես միշտ Մաքդոնահի մոտ, ինչ-որ բան շատ ծիծաղելի է, իսկ ինչ-որ բան՝ իսկապես ողբերգական: Ընդ որում, ռեժիսորն ամենեւին էլ չի ձգտում հստակ անցումներ սահմանել այս իրավիճակների միջեւ։ Անհեթեթ իրավիճակը կարող է հանգեցնել սարսափելի հետեւանքների, իսկ սարսափելի ողբերգությունը՝ հիստերիկ ծիծաղի։ Առանձնապես տպավորվողներին այս դանդաղընթաց եւ անշտապ ֆիլմը պետք չէ դիտել՝ գարեջրի փրփուրի հանգստացնող սահքից մինչեւ մատները կտրելը ընդամենը մեկ քայլ է:

Չնայած դանդաղ աճող լարվածությանը եւ պարբերական պայթյուններին՝ «Ինիշերինի Բանշիները», այնուամենայնիվ, փիլիսոփայական կամերային կինո է: Ուշադրության կենտրոնում են սրամիտ երկխոսությունները եւ նուրբ վիրտուոզ դերասանական խաղը: Իզուր չէ, որ Քոլին Ֆարելը կպայքարի «Օսկարի» համար «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։ Մաքդոնահը, ինչպես ոչ ոք, կարողանում է «ոչնչի» մասին խոսակցությունները վերածել կյանքի, մահվան, արվեստի եւ քաղաքականության մասին անկեղծ խոսակցությունների:

Հեղինակի ինտոնացիայի փիլիսոփայական մեկուսացմանը համապատասխանում են նաեւ դեկորացիաները։

Փոքրիկ հորինված իռլանդական կղզին՝ իր ասկետիկ հովիվներով, կարծես սառել է աշխարհի ծայրամասում, եւ ոչինչ չի կարող ոչնչացնել նրա կյանքի հանգիստ ռիթմը: Այս ֆոնին հատկապես նկատելի է համահունչությունը կերպարների լոկալ կոնֆլիկտի եւ քաղաքացիական պատերազմի արձագանքների միջեւ. պատերազմը տեղի է ունենում ինչ-որ տեղ մայրցամաքում, բայց այստեղ այն ծառայում է որպես հուզիչ լեյտմոտիվ։

Ինիշերինն ինքը իզուր չէ հայտնվել ֆիլմի վերնագրում։ Մաքդոնահի ֆիլմը ոչ այնքան կերպարների, որքան աշխարհի, ժամանակի, պատմության մասին է։ Եվ կղզին այստեղ գլխավոր գործող կերպարներից մեկն է։ Նրա մթնոլորտը ներծծված է կելտական միստիցիզմով՝ ճակատագրի եւ հանճարի ընդհանուր մոտիվներից մինչեւ կելտական հեթանոսության շատ կոնկրետ, բայց ոչ միանշանակ սիմվոլիկա: Պատահական չէ, որ «Բանշիների» գլխավոր հերոսներից են կենդանիները (գուցե ամենասովորականներըը, իսկ գուցե եւ ոչ) եւ իսկական կախարդուհին (ո՞վ գիտի՝ նա իսկապես կախարդական ուժ ունի՞, թե՞ դա պարզապես սնահավատություն է):

Այսպիսով, Մաքդոնահը պատմում է ոչ միայն պատմություն մարդկանց մասին, ոչ միայն պատմություն արվեստի ուժի մասին, ոչ միայն կառուցում է տեղական էպոս համաշխարհային էպոսի ֆոնին, այլ նաեւ ստեղծում է իր կարիերայի առաջին առասպելաբանաստեղծական գործը: «Ինիշերինի Բանշիները» Մաքդոնահի ամենանուրբ, սրամիտ եւ մասշտաբային ֆիլմն է, բայց հենց այդ պատճառով է, որ այն ոչ ամբողջովին ընկալվելու ռիսկի է ենթարկված:

Անտոն Մուխորտով

Leave A Reply

Your email address will not be published.