$300 մլն. Իլոն Մասկը հաջորդ շաբաթ պետք է կատարի Twitter-ը ձեռք բերելու համար վերցրած վարկի առաջին մարումը

0

2022 թ․ հոկտեմբերին Իլոն Մասկը դարձավ Twitter-ի անվանական սեփականատերը՝ ընկերությունը գնելով 44 միլիարդ դոլարով։ Սակայն նրան և մյուս պարտատերերին ևս մոտ 12,5 միլիարդ դոլար էր անհրաժեշտ ընկերությունը ձեռք բերելու նպատակով բոլոր ծախսերը ծածկելու համար, ուստի ստիպված եղան գումարի պակասող մասը վարկ վերցնել, ընդ որում՝ բավականին բարձր տոկոսադրույքով։ Հաջորդ շաբաթ Մասկը պետք է կատարի վարկի մարման առաջին վճարը՝ 300 միլիոն դոլար:

Ըստ Bloomberg-ի՝ մինչև հունվարի 27-ը վարկի առաջին մարումն անելու համար Twitter-ն այժմ ունի ավելի շատ կանխիկ գումար, քան անհրաժեշտ է. 2022 թ. դեկտեմբերին Մասկը նույնպես հաստատել է, որ իր հաշիվներում Twitter-ը մոտ 1 միլիարդ դոլար ունի: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ ակնկալում են, որ իմպուլսիվ միլիարդատերը կարող է փորձել ինչ-որ բան անել, որը կթեթևացնի ընկերության պարտքի բեռը: Հնարավոր է, որ նա փորձի 30 օրով հետաձգել վճարումը: Բայց քանի որ Twitter-ի հետ վարկային պայմանագրի պայմանների մասին ոչինչ հայտնի չէ, փորձագետները չեն կարող գնահատել, թե կոնկրետ այս դեպքում արդյո՞ք հնարավոր է հետաձգել պարտքի վճարումը։

Իլոն Մասկին, ըստ առկա անուղղակի տվյալների, պատկանում է Twitter-ի բաժնետոմսերի մոտ 79%-ը։ Եվ չնայած դրանք ձեռք բերելու համար նա ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել, այժմ դրանք 11,6 միլիարդ դոլարից պակաս արժեն:

Փորձագետների կարծիքով՝ Մասկի համար այս պահին այժմ չափազանց ոչ ձեռնտու կլինի սնանկացման ուղին. եթե նա որոշի հայտարարել Twitter-ի սնանկացման մասին, ապա կբախվի մի շարք խնդիրների և հսկայական գումար կկորցնի։ Իսկ նա անցած տարի արդեն շատ բան է կորցրել՝ մոտ 182 միլիարդ դոլար, և վերջերս հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ գերազանցելով «պատմության մեջ անձնական հարստության ամենամեծ կորստի» համաշխարհային ռեկորդը։

Մասկի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ նա ամեն ինչ անում է Twitter-ի սնանկացումից խուսափելու համար: Անցյալ ամիս նա վաճառեց իր Tesla ընկերության 3,6 միլիարդ դոլարի բաժնետոմսեր Twitter-ի համար անվտանգության բարձիկ ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ, Twitter-ի գնման գործարքը ֆինանսավորելու համար Մասկը վաճառել է Tesla-ի առնվազն 23 մլրդ դոլարի բաժնետոմսեր։ Այս ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը վեց շաբաթվա ընթացքում նվազել է 27%-ով, իսկ տարեսկզբից՝ 69%-ով։  

Արդյո՞ք Մասկը նախատեսում է օգտագործել Tesla-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարի գոնե մի մասը Twitter-ի պարտքը հետ գնելու և տոկոսադրույքը նվազեցնելու համար։ Առայժմ փորձագետները չգիտեն այս հարցի պատասխանը, մանավանդ, որ վարկատուներին, ըստ ամենայնի, չի հետաքրքրում նման գործարքը. պարտատոմսերի շուկայում ճգնաժամի պատճառով նրանք արդեն 4 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել, քանի որ չեն կարողացել Twitter-ի պարտավորությունները վերավաճառել այլ ներդրողներին:

Twitter-ի գործերն այժմ այնքան էլ լավ չեն։ Platformer պարբերականի խմբագիրներից մեկի՝ Զոի Շիֆերի խոսքով, ընկերության եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է 40%-ով, չնայած այն հանգամանքին, որ սոցցանցը ձեռք բերելուց հետո Մասկը սկսել է ակտիվորեն կրճատել ընկերության անձնակազմը և ծախսերը։ Նա նույնիսկ վերջերս աճուրդի է հանել ընկերության գլխավոր գրասենյակի (գտնվում է Սան Ֆրանցիսկոյում) ոչ պիտանի կահույքն ու տեխնիկան, որտեղ այժմ աշխատում է երկու երրորդով ավելի քիչ մարդ կա, քան մի քանի ամիս առաջ:

Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին լրատվամիջոցներում կրկին սկսել են խոսել այն մասին, որ մոտ ապագայում Twitter-ում կարող է կրճատումների հերթական ալիքն սկսվել, թեև անցած տարեվերջին Իլոն Մասկը հայտարարեց, որ այլևս կրճատումներ չեն լինի։ Այս անգամ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, աշխատանքից կարող է ազատվել արտադրանքի ստորաբաժանման 50 աշխատակից, ինչից հետո ընկերության աշխատակիցների թիվը կիջնի 2000-ից: Հիշեցնենք, որ երբ Մասկը գնեց ընկերությունը, այնտեղ աշխատում էր մոտ 7500 մարդ։

Leave A Reply

Your email address will not be published.