Դեղերի դեֆիցիտ Հայաստանում. ի՞նչ է առաջարկում դեղագործական ընկերության ղեկավարը

0

Հայաստանում դեղերի շուկայում իսկապես նկատվում է դեղերի որոշ տեսակների, օրինակ՝ մի շարք հակաբիոտիկների,  մանկական օշարակների դեֆիցիտ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Էսկուլապ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորյանը։  

Պատճառը, նրա խոսքով, այն է, որ միջազգային խոշոր դեղ արտադրող ընկերությունները հեռանում են հայաստանյան շուկայից, քանի որ այն նրանց չի հետաքրքրում փոքր չափերի պատճառով։ Ինչի պատճառով էլ Հայաստանում դեղերի մատչելիության խնդիր է առաջանում։

Այս պահին, Գագիկ Գրիգորյանի խոսքով, Հայաստանում գրանցված է մոտ 3500-4000 անուն դեղ, եւ դա հեշտությամբ կարելի է ստուգել pharm.am կայքում։ Ավելին, դրանց մեջ կան բազմաթիվ տարբեր անալոգներ, այսինքն՝ տարբեր արտադրողների նույն դեղամիջոցը: Մինչդեռ հարեւան Վրաստանում գրանցված է մոտ 7000 դեղ, իսկ Ռուսաստանում՝ 15 000։  

Նա հիշեցրեց, որ արտակարգ իրավիճակում՝ քովիդի համավարակի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, Հայաստանի կառավարությունը տեղական ներմուծող ընկերություններին թույլատրել է ներմուծել նաեւ Հայաստանում չգրանցված, բայց երկրի կարիքների համար անհրաժեշտ դեղամիջոցներ։ Այս թույլտվությունը տրվել է մինչեւ 2022 թվականի վերջ, եւ ընկերություններն ապահովել են դեղերի բավարար պաշար, սակայն 2022 թվականի ամռանից նրանք առողջապահության նախարարությանը զգուշացրել են, որ ստեղծված իրավիճակում որոշ դեղամիջոցների դեֆիցիտն անխուսափելի է։

Հարցի առնչությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի համար անհրաժեշտ դեղերի գրանցման հարցը։ Որոշում է կայացվել ազգային ընթացակարգով դեղերի գրանցման հնարավորությունը երկարաձգել մինչեւ 2023 թվականի վերջ։ ԵՏՄ համաձայնագրով 2023 թվականից Հայաստանում դեղերը պետք է գրանցվեն ԵՏՄ ընթացակարգով, սակայն գրանցման ժամկետի երկարաձգումը դեռեւս ցանկալի արդյունք չի տվել. արտադրող ընկերությունները շարունակում են կասեցնել իրենց գործունեությունը Հայաստանում եւ իրենց ներկայացուցչությունները տեղափոխել Ղազախստան եւ Վրաստան:

Միեւնույն ժամանակ, ինչպես պարզաբանեց Գագիկ Գրիգորյանը, ԵՏՄ դեղերի ռեեստրում այսօր գրանցված է մոտ 1600 դեղամիջոց, որոնց 80 տոկոսը գրանցված է Ռուսաստանում, եւ դրանք պետք է ճանաչվեն մասնակից մյուս երկրների կողմից։ Բայց Հայաստանում այսօր գրանցված է դրանցից միայն 12-15-ը, երբ ամբողջ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ 2026 թվականը։ Դեղագործական ընկերության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է ավտոմատ կերպով ճանաչի ԵՏՄ գրանցումը։

Նա հավելեց, որ առողջապահության նախարարությունում հանդիպումից հետո նախարարությունը որոշում է ընդունել մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը թույլատրել չգրանցված դեղերի ներմուծումը վեց խմբերից, որոնք նախատեսված են այն հիվանդների բուժման համար, որոնց մասին հոգածությունը ստանձնել է պետությունը։ Դրանք հոգեմետ, հակաուռուցքային, հակաէպիլեպտիկ, հակապարկինսոնյան միջոցներն ու հակաթույններն են, բայց Հայաստանում հիվանդները կարիք ունեն նաեւ այլ շատ կարեւոր դեղամիջոցների, որոնք այսօր երկրում չկան։

Այս խնդրի լուծման համար Գագիկ Գրիգորյանն առաջարկում է ԵՏՄ-ից բացի ավտոմատ կերպով ճանաչել նաեւ դեղերի գրանցումը զարգացած երկրներում կամ, օրինակ, Եվրամիությունում, որտեղ գործում են խիստ ազգային եւ վերազգային կանոնակարգեր, եւ կարելի է չկասկածել, որ տվյալ երկրներում գրանցված դեղերը որակյալ են եւ անվտանգ։  

Նա հիշեցրեց, որ մինչեւ «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումը Հայաստան ներմուծելիս դեղերը ոչ միայն փաստաթղթային, այլեւ լաբորատոր փորձաքննություն են անցել։ Նոր օրենքով լաբորատոր փորձաքննություն այլեւս չի իրականացվում, եւ ներմուծվող դեղերի որակի եւ անվտանգության համար պատասխանատվությունն ավտոմատ կերպով ընկնում է ներմուծողների վրա։ «Ինչպե՞ս կարող եմ ես բերել չգրանցված, անորակ, անհայտ ծագման դեղ, երբ դրա համար քրեական պատիժ է նախատեսված»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ երեք տարիների ընթացքում, երբ թույլատրվել է չգրանցված դեղերի ներկրումը, անորակ կամ կեղծ դեղերի ներկրման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

Դեղագործական ընկերության ղեկավարը կառավարությանն առաջարկում է վերլուծել շուկայում տիրող իրավիճակը, գնահատել, թե ինչ չգրանցված, բայց կենսական նշանակության դեղերի կարիք ունի Հայաստանը, եւ կրկին ժամանակավորապես թույլատրել դրանց ներմուծումը մինչեւ չգտնվի Հայաստանում դրանց գրանցման վերջնական լուծումը:

Ստեղծված պայմաններում, նրա խոսքով, չգրանցված դեղերի վաճառքի համար տուգանքների բարձրացումը կհանգեցնի միայն դեղերի մատչելիության հետ կապված իրավիճակի վատթարացման։ Գագիկ Գրիգորյանն առաջարկում է հետաքրքրվել, թե որքան հարկ են վճարել դեղ ներկրողներն այն ժամանակ, երբ գործում էր առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ներկրման թույլտվությունը, եւ որքան են վճարում այդ ներմուծումն արգելելուց հետո։

Leave A Reply

Your email address will not be published.