Microsoft-ը զանգվածային կրճատումներ է նախատեսում. հազարավոր աշխատողներ կհեռացվեն աշխատանքից

0

Microsoft-ը զանգվածային կրճատումներ է նախատեսում. հազարավոր աշխատողներ կհեռացվեն աշխատանքից

18 հունվարի, 2023  15:25

Microsoft-ը նախատեսում է զանգվածային կրճատումներ անել մի քանի ստորաբաժանումներում: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջիկայում մոտ 6000 աշխատակից կարող է կրճատվել, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։ Իսկ Sky News-ի տվյալներով՝ Microsoft-ը կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից:

Ամենից շատ կրճատումներ, ըստ ԶԼՄ-ների, նախատեսված են այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հաճախորդների և գործընկերների համար լուծումների մշակմամբ և խորհրդատվությամբ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումներ են նախատեսվում նաև մի շարք ինժեներական բաժիններում, ընդորում՝ այս բաժիններում կրճատումներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի։

Կրճատումները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ընկերությունն ակնկալում է եկամուտների աճի դանդաղում, ինչպես նաև տնտեսական ճգնաժամով, որն արդեն կրճատումների է հանգեցրել բազմաթիվ խոշոր ընկերություններում, այդ թվում՝ Meta-ում, Oracle-ում, Tesla-ում, Amazon-ում, Vimeo-ում, Twitter-ում և նույնիսկ McDonald’s-ում։

Ֆինանսական ծառայություններ մատուցող ամերիկյան Morningstar ընկերության վերլուծաբան Դեն Ռոմանոֆի կարծիքով՝ Microsoft-ում աշխատողների կրճատումների հերթական փուլը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, շարունակում է վատթարանալ։

Սակայն, միևնույն ժամանակ, մնացած աշխատակիցների աշխատանքային պայմանները, կարելի է ասել, բարելավվում են։ Հունվարի 16-ից ընկերության վարձու (բայց ոչ ժամավարձով աշխատող) աշխատակիցները կարող են անսահմանափակ արձակուրդ գնալ։ Բացի դրանից, շատ աշխատակիցների թույլատրվում է տնից աշխատել լրիվ դրույքով:

Նշենք, որ, ընկերության փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի հունիսի 30-ի դրությամբ Microsoft-ն ուներ 221.000 լրիվ դրույքով աշխատող, որից 122.000-ը՝ ԱՄՆ-ում, իսկ 99.000-ը՝ այլ երկրներում։

Leave A Reply

Your email address will not be published.