Microsoft-ի աշխատակիցները հունվարի 16-ից կկարողանան անսահմանափակ արձակուրդ վերցնել

0

Հունվարի 16-ից Microsoft ընկերությունն իր աշխատակիցներին անսահմանափակ արձակուրդ կտրամադրի։ Ճիշտ է, նորամուծությունը, որը կոչվում է «հայեցողական հանգստյան օրեր», կվերաբերի միայն ԱՄՆ-ում ապրող աշխատակիցներին, իսկ ժամավարձով աշխատողները չեն կարող օգտվել այս հնարավորությունից։

«Զգալիորեն փոխվել է այն, թե մենք ինչպես, երբ և որտեղ ենք կատարում մեր աշխատանքը: Եվ քանի որ մենք փոխակերպվել ենք, մեր արձակուրդային քաղաքականության արդիականացումն ու անցումն ավելի ճկուն մոդելի դարձել է հաջորդ բնական քայլը»,- անձնակազմի հարցերով Microsoft-ի տնօրեն Քեթլին Հոգանն ասել է ծառայողական գրությունում, որը հայտնվել է The Verge-ի ձեռքի տակ։

Այսպիսով, հաջորդ երկուշաբթի օրվանից ընկերության աշխատակիցները, նույնիսկ նոր ընդունվածները, կկարողանան հանգստյան օրեր վերցնել, երբ դա իրենց անհրաժեշտ լինի՝ չսահմանափակվելով պայմանագրով նախատեսված նվազագույնով։ Բացի դրանից, աշխատողներն այսուհետ ստիպված չեն լինի արձակուրդ գնալու համար սպասել, որպեսզի անհրաժեշտ քանակի օրեր կուտակվեն։ Նոր քաղաքականության հետ մեկտեղ Microsoft-ը կշարունակի տրամադրել տարեկան 10 վճարովի հանգստյան օր, հիվանդանալու դեպքում ազատ օրեր, ինչպես նաև ազատ օրեր տարբեր հիմնավոր պատճառներով, այդ թվում՝ երդվյալ ատենակալների պարտականությունների կատարման կամ ծանր կորստի հետ կապված:

Նոր քաղաքականության միակ սահմանափակումը վերաբերում է աշխատանքային գործընթացին. եթե լրացուցիչ հանգստյան օրերը չեն ազդում աշխատողի աշխատանքի վրա, նրա հետ որևէ խնդիր ընկերությունը չի ունենա։ Իսկ այն աշխատողները, որոնք ունեն չօգտագործված արձակուրդային մնացորդ, ապրիլին միանվագ գումար կստանան։

Ինչպես արդեն նշվեց, նոր քաղաքականությունը չի վերաբերում է ընկերության այն աշխատակիցներին, որոնք ժամավճարով են աշխատում և դաշնային ու նահանգային օրենքների բնույթից ելնելով, չեն կարողանա անսահմանափակ արձակուրդ ստանալ: Նման արձակուրդը հասանելի չի լինի նաև ԱՄՆ-ից դուրս աշխատողներին՝ պայմանավորված այն երկրների օրենքներով, որտեղ նրանք ապրում են:

Microosft-ն առաջին և միակ տեխնոլոգիական ընկերությունը չէ, որն իր աշխատակիցներին առաջարկում է անսահմանափակ արձակուրդ: Նման քաղաքականություն կիրառվում է նաև Salesforce-ում, LinkedIn-ում (որը նույնպես պատկանում է Microsoft-ին), Oracle-ում, Netflix-ում և շատ այլ ընկերություններում:

Նշենք, որ Microsoft-ը HR քաղաքականությունում վերջերս մտցրել է ևս մեկ փոփոխություն, որն ավելի շատ աշխատակիցների է թույլ տալիս մշտապես տնից աշխատել։

Leave A Reply

Your email address will not be published.