Հայկական ֆիլմեր, որոնք էկրաններ բարձրացան 2022-ին (ֆոտո)
Ամփոփելով 2022-ը՝ չենք շրջանցել նաեւ տարվա պրեմիերաները։ NEWS.am STYLE-ն այս հրապարակման մեջ վերհիշել է հայկական արտադրության այն ֆիլմերը, որոնք մեծ էկրաններին հայտնվեցին հենց այս տարվա ընթացքում։ Այս ցանկում տեղ են գտել բազմաժանր ֆիլմեր, սակայն հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցածը՝ հայ ռեժիսորներից շատերը անդրադարձել էին հայ ժսղովրդի պատմությանն ու ապրած ցավերին։
Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմի պրեմիրերան։ Այս պատմությունը պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է․ ներկայացնում է մի ընտանիքի, որի միջոցով էլ պատմվում է հայ ազգի ողբերգությունը:
Մարտին Երեւանում կայացավ նաեւ հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը։ Այն նկարահանված է իրական պատմության հիման վրա։ Ֆիլմում ներկայացված է երկու պատմություն, որոնցից մեկը մելոդրամա ժանրում է, եւ պատմում է երիտասարդ զույգի սիրո մասին։ Երկրորդը՝ սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը կռվի պատճառով փախչում է Հայաստան։ Կինոդիտողի ուշադրության կենտրոնում հենց այդ ընտանիքի շուրջ փորձությունների զարգացումն է։
Նույն ամսում «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական այս դրաման պատմում է ցեղասպանությունից փրկվածների ու նաեւ այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն եւ ասորի ժողովուրդները:
Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի «Պոլլի» ֆիլմը մեծ էկրաններ բարձրացավ ապրիլին։ «Պոլլի»-ն մանկապատանեկան ֆիլմ է, որը պատմում է 12-ամյա տղայի ու շան ամուր ընկերության մասին, որն առանցքային է դառնում մի շարք բացահայտումների համար:
Մայիսին Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված են իրական կադրեր, իրական պատմություն ու անհերքելի փաստեր, որոնք կրկին շեշտում են Շուշիի հայկական լինելն ի լուր աշխարհին:
«Մոսկվա» կինոթատրոնում հունիսին կայացավ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ 60 րոպե տեւողությամբ վավերագրական այս ֆիլմում ռեժիսորն առանց խոսքերի՝ բնության ամենատարբեր երեւույթների պատկերների միջոցով փոխացում է մեզ շրջապատող աշխարհի տիեզերական ուժը։
«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը մեկնարկեց «Էմմիի» մրցանակակիր ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Չարլիի մասին։ Ֆիլմը People of AR production-ի արտադրանքն է, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Մայքլ Գյուրջյանն է։
Հոկտեմբերին մեծ էկրաններ բարձրացավ Սամվել Թադեւոսյանի եւ Ինգրիտ Կոկչյանի գլխավոր դերակատարմամբ՝ «Անքնություն» հոգեբանական թրիլերը։ Ֆիլմը սցենարիստ Հարութ Ղուկասյանի դեբյուտային աշխատանքն է, որպես ռեժիսոր, իսկ պրոդյուսերը դերասան Արմեն Սողոյանն է, որն էլ իր հերթին առաջին փորձն էր կատարել պրոդյուսերական ասպարեզում։
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի երեւանյան պրեմիերան կայացավ նոյեմբերին։ ֆիլմը 1915 թ-ին ցեղասպանությունից մի կերպ մազապուրծ եղած դեռատի հայուհու՝ Արշալույս Մարտիկյանի, նրա տանջանքների ու պայքարի մասին է։ Այն ներկայացված է անիմացիոն լուծումներով։
Տարվա պրեմիերանեը եզրափակում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմը։ Եթե առաջին «Իշխանությունը» ներկայացնում էր այն, ինչ արդեն կատարվել էր, երկրորդն արտացոլում է ներկայիս իրավիճակն ու ռեժիսորի կանխատեսումներն ու վերլուծությունները՝ վաղվա մասին։